Արդյոք Վալերի Պերմյակովը սահմանն ապօրինի հատելու փորձ կատարե՞լ է
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մասնակցությամբ քննչական փորձարարություն դեպքի վայրում չի կատարվել: Այս մասին, ի պատասխան «168 Ժամի» հարցման՝ հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից: «Ձեռնարկվել և ձեռնարկվում են մի շարք քննչական այլ գործողություններ՝ հանցագործության բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որոնց մասին առավել մանրամասն տեղեկություն, քննության շահերից ելնելով, այս փուլում հրապարակել չենք կարող: Նշանակված փորձաքննությունների եզրակացությունների մասին տեղեկություններ կտրամադրենք ավելի ուշ»:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 13-ին Լենինականի սահմանապահ ջոկատի զինծառայողները նկատել են պետական սահմանի կողմ շարժվող Վալերի Պերմյակովին, մոտենալիս ջոկատի ավագը «կանգնիր» հրաման է տվել, սակայն նա շարունակել է առաջ գալ, սահմանապահը «Կանգնիր, կկրակեմ» հրաման է տվել, սակայն դա էլ նրան չի կանգնեցրել, այնուհետև ջոկատի ավագը նախազգուշական մեկ կրակոց է արձակել ինքնաձիգից և «իրավախախտին» ստիպել բերանքսիվայր պառկել գետնին: Քննչական կոմիտեից հետաքրքրվել էինք՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի կամ մեկ այլ քրեական գործի շրջանակներում քննվո՞ւմ է արդյոք՝ Վալերի Պերմյակովի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարվե՞լ է, թե՞ ոչ:
Ի պատասխան` Քննչական կոմիտեից ստացել ենք հետևյալը. «Քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում առաջ քաշված բոլոր հնարավոր վարկածները ստուգելու, այդ թվում՝ Վալերի Պերմյակովի կողմից հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու հանգամանքը պարզելու ուղղությամբ: Համապատասխան հիմքերի և առիթների առկայության պայմաններում կկայացվեն քրեական գործ և քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ»:
Ըստ Քննչական կոմիտեի պատասխանի՝ «կարևորելով սպանության լիարժեք բացահայտումը՝ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների համապատասխան ծառայողները, ստորագրած փաստաթղթի շրջանակներում, համագործակցում են, ձեռնարկում համատեղ գործողություններ, ըստ անհրաժեշտության՝ փոխանակվում տեղեկատվությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված որևէ ապացույց ռուսական կողմին չի փոխանցվել»: Պատասխանում նաև նշված է. «Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ քրեական գործի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»: