«Այսօրվա ԱԺ-ն պետք է ցրվի». Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցությունը տարբեր ֆորմատներով քննարկումներ է սկսել, այդ թվում՝ ոչ իշխանական ուժերի Եռյակի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով ներքաղաքական զարգացումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանին ուղղված երեկվա կոշտ ելույթի կոնտեքստում:
Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց որ փետրվարի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանն ամբողջական քաղաքական գնահատականներ կտա ներքաղաքական զարգացումներին: Նա նշեց, որ իր կարծիքով՝ իսկապես քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, որոնք ունեն ժողովրդի որոշակի վստահությունը և ամեն մի պաշտոնատար անձ զբաղեցնի այդ պաշտոնն, ըստ ստացած քվեի:
Գագիկ Ծառուկյանն ունի՞ այդ վստահությունը՝ հարցին Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ ինքը ժողովրդավարությունը հարգող անձնավորություն է և այն մոտեցման կողմնակիցն է, որ կարևոր չէ, թե ո՞վ է, կարևոր է՝ ինչպե՞ս է, եթե ունի ժողովրդի վստահության քվեն:
«Մենք արդեն գնում ենք անձերի ետևից, որոշում ենք՝ ով կարող է լինել, ով չի կարող: Դա ժողովրդավարության խախտում է: Ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ում 35 տարին լրացել է, ով վերջին տաս տարում բնակվել է ՀՀ-ում, համարվում է ՀՀ քաղաքացի և ունի ժողովրդի մեծամասնության քվեն, նա կարող է լինել ՀՀ նախագահ: Այն անձը, որը կուսակցության ցուցակով մասնակցել է ԱԺ ընտրոթյունների և իր կուսակցությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն, 25 տարին լրացել է, ՀՀ քաղաքացի է, պետք է լինի ԱԺ պատգամավոր»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Բանախոսը նաև նկատեց, որ «Ժառանգության» նկատմամբ քաղաքական գործիքակազմը վաղուց է կիրառվում: Ըստ նրա, իհարկե, դրանք տնտեսական հետապնդումներ չէին, այլ քաղաքական: Իսկ ՀՀ իշխանությունների քայլերը, նրա որակմամբ, ոչ միայն բռնապետության, այլև իրական միակուսակցական պետություն դառնալուն ուղղված քայլեր են:
Խոսելով ԲՀԿ առաջնորդին պատգամավորական մանդատից զրկելու մասին Սերժ Սարգսյանի սպառնալիքից՝ ասաց, որ ԱԺ-ն ընդհանրապես պետք է ցրել: «Նրան միայն խախտումով կարող են զրկել մանդատից: Իրավական ակտերի մասին օրենքը ենթադրում է, որ վատթարացող որոշումները չեն կարող հետադարձ ուժ ունենալ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է Ծառուկյանի ինտելեկտուալ ունակությունների մասին դիտարկումներին՝ Մարտիրոսյանն ասաց, որ անձնական վիրավորանքների դաշտ չի սիրում մտնել: Նրա համոզմամբ՝ առանց կազմակերպչական մեծ ունակությունների բիզնես հնարավոր չէր կազմակերպել: «Չեմ ընդունում անձնական վիրավորանքների դաշտ մտնելը, չեմ մտել և չեմ ցանկանում, որ իմ քաղաքակամ մրցակիցները մտնեն այդ դաշտ»,- ասաց բանախոսը:
Վերջինս նկատեց, որ Ծառուկյանի դեմ քաղաքական հետապնդում է սկսվել, որովհետև նախկինում լրատվամիջոցների հրապարակումներին այդ մասին ՀՀ իշխանություները չեն արձագանքել: Իսկ ներկայիս քաղաքականությամբ, Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ, խախտվում է արդարության սկզբունքը:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նխագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցություններին՝ բանախոս չի կարծում, որ նման հարց կա օրակարգում: «Հասարակությունը նման օրակարգ ունի՞: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հա՞յտ է ներկյացրել: Երբ հայտ կներկայացնի՝ այն ժամանակ կխոսեմ, ես չեմ պատրաստվում Հայաստանը լքել»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը: