Էրդողանը Մեքսիկայում քննադատել է Օբամային, Բայդենին ու Քերիին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր լատինամերիկյան շրջագայության վերջում ժամանել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո, ուր և հանդիպել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նիետոյի հետ:

Հանդիպումը նախ անցել է «տետ-ա-տետ» ձևաչափով, ապա՝ նաև պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կապված ԱՄՆ-ում երեք մուսուլման ուսանողի սպանության հետ:

Էրդողանն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ թե՛ Օբաման, թե՛ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, թե՛ պետքարտուղար Ջոն Քերին լռություն են պահպանում այդ կապակցությամբ՝ ցայժմ հանդես չգալով որևէ հայտարարությամբ:

Էրդողանն ընդգծել է, որ քաղաքական գործիչները պատասխանատվություն են կրում իրենց երկրում տեղի ունեցածի համար, և պետք է հստակ հայտնեն դրա նկատմամբ իրենց վերաբերմունքը:

Նա հավելել է, որ եթե ԱՄՆ-ի իշխանությունները լռություն են պահպանում նման դեպքում, ապա աշխարհը նրանց կփոխհատուցի նույն կերպ: Էրդողանը վերստին հայտարարել է, թե աշխարհը հինգից մեծ է՝ նկատի ունենալով ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամներին, որոնցից մեկն ԱՄՆ-ն է:

Նշվում է, որ 23-ամյա Դեահ Բարաքաթը, 21-ամյա Յուսոր Մուհամմեդ Էբու Սալհան և 19-ամյա Ռազան Մուհամմեդը երկու օր առաջ սպանվել են Հյուսիսային Կարոլինայում՝ ավտոկայանատեղիում ծագած վեճի ժամանակ:

Նրանց հուղարկավորությանը մասնակցել է ավելի քան 5000 մարդ: Ոստիկանությունը շարունակում է հետաքննել տեղի ունեցածը, իսկ սպանվածների ընտանիքները պնդում են, որ սպանությունն իրականացվել է կրոնական ատելության հողի վրա:

Հիշեցնենք, որ Էրդողանը Մեքսիկա է ժամանել Կուբայից, ուր նա «անմարդկային ու անարդար» էր որակել այդ երկրի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս