
Կուբայի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անարդար ու անմարդկային են. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Կուբա ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Կուբայի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անարդար ու անմարդկային են: Նա դրականորեն է գնահատել Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ իր բանակցությունները.
«Մենք Կուբայի հանդեպ պատժամիջոցները չենք համարում մարդկային ու արդար: Տնտեսական շրջափակման (ավելի քան 50 տարի) պատճառով Թուրքիայի ու Կուբայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է ընդամենը 28 միլիոն դոլար, մինչդեռ Կոլումբիայի պարագայում այդ ցուցանիշը կազմում է 1.4 միլիարդ դոլար:
Turkish Airlines («Թուրքական ավիաուղիներ») ընկերությունը պատրաստ է ավիաչվերթներ իրականացնել Ստամբուլի ու Հավանայի միջև: Դա կնպաստի երկու երկրների միջև տնտեսական, մշակութային ու զբոսաշրջային կապերի զարգացմանը:
Թուրքիան պլանավորում է մզկիթ կառուցել Հավանայում՝ հիմք ընդունելով Ստամբուլի Օրթաքյոյ շրջանի հայտնի օսմանյան մզկիթը: Սակայն Կուբայի իշխանությունները Հավանայում մզկիթի կառուցման շուրջ արդեն իսկ պայմանավորվածության են եկել Սաուդյան Արաբիայի:
Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի ճարտարապետական ոճերը տարբեր են: Մենք չենք ցանկանում նրա հետ համատեղ նախագիծ իրականացնել և հայտնել ենք, որ ցանկանում ենք սեփական ուժերով մզկիթ կառուցել Հավանայում:
Սակայն եթե նրանք արդեն իսկ պայմանավորվել են (Սաուդյան Արաբիայի հետ), ապա Թուրքիան կարող է մզկիթ կառուցել Կուբայի այլ քաղաքում: Կուբայի իշխանությունների հետ այդ հարցով բանակցելու է Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ վերջին անգամ Թուրքիայի նախագահը Լատինական Ամերիկա է այցելել 20 տարի առաջ՝ 1995 թվականին: