Աղը վերածրագրավորում է ուղեղի աշխատանքը և հիպերտոնիայի է հանգեցնում

Բժիշկները բազմիցս զգուշացրել են, որ աղի չափից շատ օգտագործումը մեծացնում է արյան ճնշման հավանականությունը: Այնուամենայնիվ, վերջերս գիտնականները վերջապես պարզեցին, թե ինչո՞ւ է դա տեղի ունենում: Ըստ մասնագետների՝ աղն ի վիճակի է բառի բուն իմաստով վերածրագրավորել ուղեղի աշխատանքը և թույլ չի տալիս նրան կարգավորել արյան ճնշումը:

Այս հետազոտությունները Մակգիլ համալսարանի գիտնականները ներկայացրել են Neuron ամսագրի էջերում: Աղի վտանգի մասին հոդվածում ասվում է՝ լաբորատոր մկների վրա արված փորձարկումները ցույց են տվել, որ աղի չափազանց շատ օգտագործումը փոփոխության է ենթարկում ուղեղի աշխատանքը: Հետազոտությունների շրջանակներում գիտնականները փորձարկվող մկներին մեծ քանակությամբ աղ են տվել և հետևել, թե ի՞նչ փոփոխությունների կենթարկվի մկների վարքագիծը՝ նմանատիպ դիետայի ժամանակ: Ծարավի զգացողությունից բացի, մկների ուղեղում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ (քիմիական ռեակցիաներում): Աղի այդ քանակությունից դադարել է գործել մկների ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է օրգանիզմում արյան ճնշման կարգավորման համար, որը կանոնակարգվում է հատուկ նեյրոնների միջոցով:

Գիտնականները նշում են, որ մեծ քանակությամբ աղ օգտագործած մկների մոտ բարձրացել էր վազոպրեսին տեսակի հորմոնը (հակամիզամուղ հորմոն, մարդու և կենդանիների հիպոթալամուսի նյարդազատուկային բջիջներում առաջացող հորմոն): Այս հորմոնն արտադրվում է նեյրոնների կողմից և մասնակցում է օրգանիզմում ջրաղային փոխանակությանը և նեղացնում արյունատար անոթները՝ վատացնելով օրգանիզմում արյան անցանելիությունը և բարձրացնելով արյան ճնշումը: Բարձր չափաքանակներով անոթասեղմիչ է, ազդում է հատկապես փոքր տրամաչափի արյունատար անոթների վրա և բարձրացնում զարկերակային ճնշումը։ «Պարզել ենք, որ մեծ քանակությամբ աղի օգտագործումը նեյրոններում կենսաքիմիական փոփոխություններ է առաջացնում, որոնք վազոպրեսին են արտազատում դեպի արյունատար համակարգ: Այս փոփոխությունները կանխարգելում են  որոշակի նեյրոնների՝ այլ բջիջների կողմից արգելակումը»,- պատմել է հետազոտությունների ղեկավար Չարլզ Բորկը:

Ըստ գիտնականների՝ չափից դուրս աղ օգտագործելու դեպքում համանման ռեակցիաներ են տեղի ունենում նաև մարդու օրգանիզմում: Այս խնդրի հետագա հետազոտումը կնպաստի արյան բարձր ճնշման կանխարգելման համար համապատասխան դեղորայքի ստեղծմանը: Ավելի ստույգ՝ այս հետազոտությունը կօգնի օրգանիզմի արյունատար անոթներում վազոպրեսին հորմոնի արտադրման նվազեցմանը: Իսկ մինչ համապատասխան դեղորայքը կստեղծվի՝ գիտնականները խորհուրդ են տալիս աղի ամենօրյա չափաբաժինը կրճատել սննդակարգից:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս