Շարմազանով. «Իշխանությունը գնդակը տշել է, թող վազեն հասնեն գնդակին» (տեսանյութ)
«Մենք խորին համոզմունք ունենք, որ քաղաքականությամբ պետք է բացառապես զբաղվեն քաղաքական գործիչները և անթույլատրելի է քաղաքականության մեջ եզրագծից դուրս գալն ու քաղաքականությունը վերածել շուկայի, վերածել թայֆաբազության: Շատ վտանգավոր է, երբ քաղաքականւթյամբ զբաղվում են գործիչներ, որ կորցրել են չափի զգացումը»,- այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ երբ կորցնում են չափի զգացումը, հայտնվում են տվայտանքների դաշտում: Շարմազանովը նշեց, որ հայտնի հռետորն ասում էր, թե գնդակը իշխանության դաշտում է, բայց հիմա իշխանությունը գնդակը տշել է, թող վազեն հասնեն գնդակին: Նրա խոսքով՝ պոպուլիզմը, բիլակներով հարց լուծելը տեղ չունեն քաղաքականության մեջ: Շարմազանովը նշեց, որ սա պետություն է, ամեն ինչ պետք է լինի հարգանքի վրա:
«Եկել է իրերը իրենց անունով կոչելու ժամանանկը, սթափության ժամանակը: Խոզերի առջև մարգարիտներ չեն փռում: ՀՀԿ-ն բացառապես քաղաքական ընտրապայքարի կողմնակից է»,- ասաց նա ու հավելեց, թե ՀՀԿ-ն պատրաստ է լսելու շատ սուր քննադատություն, բայց ոչ անձնական վիրավորանքներ, և բոլոր ապաքաղաքական էլեմենտները պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից: