
Դոնբասում հրադադարի ռեժիմը կգործի փետրվարի 15-ից. Պուտին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի անախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 00.00-ից, Դոնբասում հաստատվում է հրադադար:
Պուտինը հավելել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն ներկայիս բաժանարար գծից ծանր սպառազինության հետ քաշման մասին, ինչը վերաբերում է թե՛ ուկրաինական զորքերին, թե՛ Դոնբասի աշխարհազորայիններին:
Պուտինի խոսքերով՝ «նորմանդական քառյակի»՝ մոտ 16 ժամ տևած բանակցությունների արդյունքներով ստորագրվել է շփման խմբի միջոցների մասին փաստաթուղթ, որոնք ուղղված են 2014 թվականի սեպտեմբերին ձեռք բերված մինսկյան պայմանավորվածությունների գործարկմանը:
Պուտինը բանակցությունների ձգձգման համար մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին՝ ընդգծելով, որ նրանք չեն ցանկանում երկխոսության մեջ մտնել ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հետ: Պուտինը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը զսպվածություն կցուցաբերեն առաջիկայում՝ մինչև հրադադարի ամբողջական հաստատում: