
Արտակ Խաչատրյանի վիճակը նորմալ է, նրան վաղը կտեղափոխեն հիվանդասենյակ

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը քիչ առաջ 168.am-ին տեղեկացրեց, որ Արտակը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բայց վաղը նրան կտեղափոխեն հիվանդասենյակ:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Արտակ Խաչատրյանին առևանգել էին սև դիմակներով, ավտոմատներով զինված երեք անհայտ անձինք, նրան դաժան ծեծի էին ենթարկել, այնուհետև բերել ու ծեծված վիճակում թողել էին Արտակենց տան մոտ: Բացի քթի ջարդվածքներից, բժիշկները Արտակի մոտ հայտնաբերել էին թոքերի սալջարդ, ինչի հետւանով թոքերում օդ է հավաքվում: Արտակը Մալաթիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում է, նրան վիրահատել են:
Արտյոմ Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ եղբոր վիճակը նորմալ է. «Ապաքինվում է, ակնհայտ է առաջընթացը»:
Նա նշեց, որ Արտակին հիվանդանոցից դուրս գրելու մասին դեռևս ոչ ոք ոչինչ չի ասում:
Հարցին՝ Ատակին առևանգելու և ծեծի ենթարկելու գործի բացահայտումից նորություններ չկա՞ն, Արտոյմն այսպես պատասխանեց. «Չէ, էական ինչ-որ տեղեկություններ չկան, մենք էլ ենք փորձում կապվել ու հետաքրքրվել, իմանալ, ասում են՝ աշխատում ենք»: