Բյուջետային կառավարման համակարգը` ֆինանսիստների ուշադրության կենտրոնում

Այսօր մեկարկել է «Պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման» միության Բյուջետային ընկերակցության եռօրյա լիագումար նիստը: Միությանն անդամակցում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի 21 անդամ երկրներ: Նպատակն է` պետական ֆինանսների կառավարման ոլորտում ծրագրերի մշակմանն ու հնարավորությունների զարգացմանն ուղղված բարեփոխումների միջոցով առավել արդյունավետ օգտագործել բյուջետային միջոցները, կատարելագործել պետական ծախսերի նկատմամբ կառուցվածքային վերահսկողությունը` պետական ֆինանսների կառավարման նոր գործիքակազմի կիրառմամբ: 2014-ի հոկտեմբերին Հայաստանը ստանձնել է «Պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման» միության երեք ընկերակցություններից մեկի` Բյուջետայինի նախագահությունը, որի 2015-ի լիագումար նիստի թեման` ֆիսկալ համախմբումն, ընտրվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, թե անդամ երկրներում վերականգնման ինչ քայլեր են իրականացվում 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի խոսքով` աշխարհը գտնվում է մի հանգրվանում, որտեղ ոչ ստանդարտ լուծումներ են անհրաժեշտ, որոնք ծնվում են նմանատիպ հարթակներում. քննարկումների, երկրների առաջավոր փորձի ուսումնասիրման և փոխանակման միջոցով գտնվում են ֆինանսական կառավարման համակարգի առավել արդյունավետ գործիքներ: «Միությունը շատ լավ հարթակ է բոլոր այն երկրների համար, որոնք նպատակադրվել են անընդհատ բարելավել և ժամանակակից պայմաններին համապատասխանեցնել ֆինանսական կառավարման համակարգը: Առանձին ոլորտների նույնիսկ արագ զարգացումը կարող է անհրաժեշտ արդյունքների չհանգեցնել. անհրաժեշտ է ֆինանսական կառավարման բոլոր օղակների համախմբում և ներդաշնակեցում»,-նշել է Պավել Սաֆարյանը: Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ պրակտիկայի ավագ տնօրեն Մարիո Մարսելը ևս կարևորել է քննարկումների անցկացումը քաղաքականության մշակման և որոշումների ընդունման համար պատասխանատուների միջև. «Երբ խոսքը վերաբերում է բարեփոխումներին, փորձարկումների համար ժամանակ չկա: Սխալ քայլեր իրականացնելու փոխարեն գերադասելի է վերցնել այլ երկրների առաջավոր փորձը, տեղայնացնել և կիրառել: Միությունն այն հարթակն է, որտեղ օրակարգը, իրենց համար հետաքրքրություն ներկայացնող թեմաները որոշում են իրենք` մասնակից երկրները»:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս