
Օտարազգիներն ու քաղաքացիություն չունեցողները ստացել են Ադրբեջանի զինված ուժերում ծառայելու իրավունք

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ օտարազգիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ստացել են Ադրբեջանի զինված ուժերում ծառայելու իրավունք: Համապատասխան որոշումը հաստատել է Ադրբեջանի կառավարությունը:
Ադրբեջանի զինված ուժերում ծառայության անցնելու համար բավական է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, դիմում-հայտ, կրթության մասին փաստաթղթի պատճենը, ինչպես նաև լուսանկարներ:
Ադրբեջանի զինված ուժերում պայամանագրային հենքով ծառայության անցնելը հնարավոր է 19 տարեկանից, սակայն դրա համար անհրաժեշտ է ունենալ միջնակարգ կրթություն: Սպա ծառայելու դեպքում տարիքային շեմ է սահմանվել մինչև 40 տարեկանը:
Պայմանագրային զինծառայությունը բաց է նաև 19-40 տարեկան կանանց համար: Կանոնների համաձայն՝ օտարազգիների ու քաղաքացիություն չունեցող անձանց հետ պայմանագիր կարելի է ստորագրել մինչև 3 տարի ժամկետով: Այդ ժամկետի ավարտից հետո կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել դրա ժամկետը: