Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է. Մարոշ Շեֆչովիչ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը ժամանում է Բաքու՝ մասնակցելու համար վաղը կայանալիք «Հարավային գազային միջանցքի» Խորհրդատավական խորհրդի առաջին նիստին:

ԵՄ-ի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելու են նաև տարանցիկ երկրների (Վրաստան, Թուրքիա, Հունաստան, Ալբանիա, Իտալիա ու Բուլղարիա) նախարարները, ինչպես նաև «Անդրանատոլիական» (TANAP) և «Անդրադրիատիկ» (TAP) գազատարների օպերատոր ընկերությունների ղեկավարները:

Ադրբեջան այցելելուց առաջ Շեֆչովիչը հայտարարել է. «Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է: Մեր ռազմավարական գործընկերության կենտրոնում «Հարավային գազային միջանցքն» է: Այդ նախագիծը կխթանի տնտեսական համագործակցություն, կբարձրացնի էներգետիկ անվտանագությունը և կօգնի ստեղծելու 30.000 աշխատատեղ:

Մեր նպատակը մինչև 2019-2020 թվականները նախագծի բոլոր ենթակառուցվածքներն աշխատանքային վիճակի բերելն է: Այդ հարցը կարևոր է Ադրբեջանի տնտեսական զարգացման համար, ինչպես նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»:

Ընդգծվում է, որ ներկայիս այցը հանդիսանալու է վերջին ամիսներին Շեֆչովիչի երկրորդ այցն Ադրբեջան:

Տեսանյութեր

Լրահոս