Բաժիններ՝

Անահիտ Բախշյանի կոչը ուսուցիչներին և ծնողներին. «Տեր կանգնեք ձեր դպրոցների ֆինանսներին` տարբեր թաքուն անկյուններում ասեկոսեներ տարածելու փոխարեն»

Անահիտ Բախշյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«yerevan.am կայքի «Կրթություն» բաժնի Երևանի ենթակայության դպրոցներ վերնագրի տակ դրված են բոլոր դպրոցների 30.04.2014թ. և 24.12.2014թ. հաստատված նախահաշիվներն ու տարիֆիկացիայի թվային տվյալների մասին ֆինանսական փաստաթղթերը: Հարգելիներս, կարող եք այդ փաստաթղթերով վերահսկել տնօրենի ֆինանսական գործունեությունը:

Իմացեք, որ դպրոցը, որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն ինքնավար է, այսինքն, ֆինանսավորվելով աշակերտ թվով, դպրոցը ստանում է մեկ թվով արտահայտված գումար և ելնելով սովորողների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ նպատակներից ու սովորողի շահերից և առաջնորդվելով համապատասխան իրավական փաստաթղթերով, հիմնավորում է այդ ծախսերի առաջնահերթ ուղղություններն ու ներկայացնում դպրոցի կառավարման խորհրդիՆ, որից հետո այն ներկայացնում է լիազոր պետական պատասխանատու մարմնի հաստատմանն ու ֆինանսավորմանը:

Տնօրենը պարտավոր է իրեն տրամադրված գումարի սահմաններում ապահովել որակյալ կրթություն և պատասխանատու է այն արդյունավետ ծախսելու համար:

Ծնողների վերահսկողությունը պետք է իրականացվի կառավարման խորհրդում իրենց ունեցած ներկայացուցիչների միջոցով, ովքեր պետք է պաշտպանեն դպրոցի բոլոր աշակերտների հնարավորինս որակյալ կրթության իրավունքը, պետք է հետևեն դպրոցի գումարի ծախսման նպատակով տնօրենի ներկայացրած հիմնավորումների նպատակայնությանը: Նույնը` կառավարման խորհրդում մանկավարժական խորհրդի կողմից ընտրված ներկայացուցիչներին է վերաբերվում: Մի խոսքով, եթե կառավարման խորհրդում ընտրվեն գրագետ, ՔԱՂԱՔԱՑՈՒ նկարագրով ուսուցիչներ ու ծնողներ, ապա դպրոցին տրվող գումարները կծախսվեն ավելի արդյունավետ և մեր հասարակությունն էլ անվերջ չի փնովի դպրոցին ու ուսուցչին:
Հարգելի ուսուցիչներ ու ծնողներ, տեր կանգնեք ձեր դպրոցների ֆինանսներին` տարբեր թաքուն անկյուններում ասեկոսեներ տարածելու փոխարեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս