Բաժիններ՝

Փրկե՛ք Ֆրանսիայի Հայկական թանգարանը

Change.org-ի փոխանցմամբ՝ հանրագիր է կազմակերպվել Ֆրանսիայի Հայկական թանգարանը փրկելու համար, որի շրջանակներում կոչ է հղվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ու Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլեր Պելրենին: Դրանում նշված է.

«Ֆրանսիայի Հայկական թանգարանը բացվել է 1953 թվականին Փարիզում, Հանրապետության նախագահի ներկայությամբ։ Թանգարանում պահվում են արվեստի անգին գործեր, որոնցից մի քանիսը ցուցադրվել են Լուվրի թանգարանում։

1915 թվականի Մեծ Եղեռնը վերապրածների ժառանգների ջանքերով կազմված այդ հավաքածուն, 1978 թվականին հանձնվեց Ֆրանսիայի պետությանը և ճանաչվեց որպես հանրային սեփականություն։ Այսօր Հայկական թանգարանը կործանման եզրին է։

Դիմում ենք պետությանը և խնդրում՝ հարգել իր կողմից ստանձնած պարտավորությունները տվյալ մշակութային ժառանգության հանդեպ և վերաբացել Հայկական թանգարանը։

Խնդրահարույց ցուցասրահներ …

2011 թվականի օգոստոսին, թանգարանի զբաղեցրած փարիզյան առանձնատան վերանորոգման աշխատանքների պատրվակով, Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունը առաջարկեց Հայկական թանգարանին ժամանակավորապես ազատել իր ցուցասրահները և տեղափոխել հավաքածուն` հավաստիացնելով, որ աշխատանքների ավարտից հետո՝ 2012 թվականի մայիսին, այն նույնությամբ կվերադարձվի իր նախնական վայրը։

Սակայն, շենքի վերանորոգման ավարտից հետո, Հայկական թանգարանի վերադարձն արգելվեց, Մշակույթի նախարարությունը մերժեց ազատել այժմ մեկ այլ թանգարանի պահոց դարձած ցուցասրահները։

Հայկական թանգարանը իրական պայքար սկսեց իր տարածքի համար․ ահազանգեց պետական համապատասխան ատյաններին, հորդորեց նախարարությանը կատարել ստանձնած պարտավորությունները, սակայն, չստացավ որևէ պատասխան։

Ավելին, 2014 թվականի սկզբին, շենքում միտումնավոր փոխվեցին փականները։ Ներկա դրությամբ, Հայկական թանգարան մուտք գործելն այլևս անհնար է, և ոչ ոք չգիտի, թե ինչ ճակատագրի է արժանացել հավաքածուի՝ ներսում մնացած մի մասը։

Ֆրանսիայի Հայկական թանգարանը Հայ Ժողովրդի ճակատագրի վկաներից մեկն է։

Վտանգված է յուրահատուկ մշակութային մի ժառանգություն, որն ընդգրկում է 3000 տարվա պատմություն և շուրջ 1200 արվեստի գործ՝ փրկված Մեծ Եղեռնը վերապրածների կողմից, երբեմն, իրենց կյանքի գնով։

Այսօր, մշակութային այդ ժառանգությունը անհետանում է։ Նրա լուռ գերեզմանափորը իշխանությունն է, որն ի դեպ պատրաստվում է 2015 թվականին՝ Մեծ Եղեռնի հարյուրամյակին, հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Պարոն Օլանդ, Տիկին Պելրեն, հանուն Պատմության, հանուն Մշակույթի, հանուն Ֆրանսիայի կողմից ընդունված և ճանաչված ժառանգության հանդեպ հարգանքի, փրկե՛ք Ֆրանսիայի Հայկական թանգարանը և թույլ տվեք նրա վերաբացումը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս