Հակադիաբետիկ դեղերն այսուհետև ձեռք են բերվելու Ֆրանսիայից
Հայաստանի Հանրապետությունում շաքարային դիաբետ ունեցող հիվանդների 2015-2019 թվականների կարիքները բավարարելու համար պետությունը հակադիաբետիկ դեղերն այսուհետև գնելու է «ԼեԼաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը հանրապետության և մայրաքաղաքի առաջատար էնդոկրինոլոգների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված ընդլայնված քննարկման ընթացքում հայտնեց, որ ՀՀ կառավարությունը հունվարի 30-ին հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կարիքների համար Դիաբետոն 60մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագծին: Որոշման նպատակն է պետական բյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2015-2019 թվականներին անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող հիվանդների Դիաբետոն 60մգ դեղի պահանջարկը: Որոշման ընդունմամբ 2015 թվականի գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի 79.610.000 ՀՀ դրամ՝ միաժամանակ ապահովելով մրցակցային գնման արդյունքում ձեռք բերվող դեղի դիմաց ծախս-որակ լավագույն արդյունքը:
«Հակադիաբետիկ դեղերի հաբերի հետ կապված Հայաստանում առկա էին որոշ խնդիրներ: Մրցույթի արդյունքում ձեռք էին բերվել հնդկական արտադրության դեղեր, որի վերաբերյալ հասարակության շրջանում կային սուբյեկտիվ և օբյեկտիվ տարակարծություններ: Այդ դեղը Հայաստանում օօգտագործվեց շուրջ երկու տարի, որի ընթացքում դրանից օգտվեց 40 հազար շահառու: Կային մարդիկ ովքեր հրաժարվեցին այդ դեղից` պատճառաբանելով որ այն թույլ է ազդում, տարբերվում է բրենդայինից: Առողջապահության նախարարության հանձնաժողովային ուսումնասիրությունների արդյունքները, Երևանի քաղաքապետարանի հետ արված վերլուծություններն ու տվյալները ցույց տվեցին, որ հնչեցված կարծիքներն այնքան էլ հավաստի չեն և խնդիրը համատարած չի եղել»,- պարզաբանեց Վահան Պողոսյանը:
ՀՀ առողջապահության նախարարության 2014թ. կարիքների համար իրականացված հակադիաբետիկ դեղի գնման գործընթացների արդյունքում ձեռք է բերվել հնդկական արտադրության Գլիկլազիդ 60մգ դեղը` միավոր դեղահաբը 44,7 ՀՀ դրամ: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անվճար հակադիաբետիկ (Դիաբետոն 60մգ) դեղ ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու անհրաժեշտությամբ:
Կառավարության հիմնավորման համաձայն՝ 2015 թվականի համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովումն իրականացնելու նպատակով պլանավորվել և ըստ ճշտված գնումների պլանի նախատեսվել է 9.500.000 դեղահաբ, սակայն իրական պահանջը կազմում է 12.000.000 դեղահաբ: Դիաբետոն (Գլիկլազիդ) 60մգ դեղի պահանջարկը տարեկան աճում է 10 և ավելի տոկոս` կապված հիվանդների թվաքանակի ավելացման հետ: 2019թ. անհրաժեշտ կլինի 13.900.000 դեղահաբ, ինչը հնարավոր չէ ապահովել ներկայիս բյուջետային միջոցներով և գնման ընթացակարգերով:
Վահան Պողոսյանն ընդգծեց, որ «ԼեԼաբողատուաղ Սեղվիե» կազմակերպությունն առաջարկել է յուրաքանչյուր տարվա պահանջարկի 10 տոկոսը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրել անվճար` որպես մարդասիրական օգնության: Բժշկական կազմակերպությունները ստացել են հնդկական դեղի եռամսակային խմբաքանակը և այդ դեղն են իրացնելու մինչև ֆրանսիական խմբաքանակի հասնելը:
Քննարկման ընթացքում ոլորտի ՀՀ ԱՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պատասխանեցին մասնագետներին և լրագրողներին հետաքրքրող հարցերին: