Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր՝ փետրվարի 10-ին, շրջանառության մեջ է դրվել «Հայոց ցեղասպանության
100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ                            

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագծի ընդունման վերաբերյալ

Մերօրյա Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդը, և այդ դրույթն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում՝ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը», ինչպես նաև՝ հղման կարգով ՀՀ Սահմանադրությունում:

Համայն հայության միասնական կամքի դրսևորումներից էր Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության կողմից ընդունված «Միացյալ Հայաստանի» ակտը, համաձայն որի՝ «Հայաստանի ամբողջությունը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումը ապահովելու համար Հայաստանի կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ցանկության, հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած են իբր անկախ պետական միություն:

Ուղիղ մի տարի առաջ, ռուսահայերի համագումարից ընտրված Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իրեն անդրկովկասյան հայկական գավառների բարձրագույն իշխանություն: Ազգային խորհրդի կազմված կառավարությունն այդ քաղաքական ակտի մասին պաշտոնապես պետությանց ներկայացուցիչներին հայտնելուց հետո, այս մի տարվա մեջ փաստորեն հաստատել է իր իշխանությունն Անդրկովկասի հայկական գավառներում:

1919թ. փետրվար ամսին Երևան քաղաքում կայացած Արևմտահայ Երկրորդ Համագումարը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ նա Հայաստանը Միացյալ և Անկախ է ճանաչում:

Այժմ, Անդրկովկասում և Օսմանյան կայսրության սահմաններում գտնված պապենական հայկական երկիրների միացման և անկախության այս ակտը կատարելով` Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ Միացյալ Հայաստանի պետական ձևն է ռամկավար հանրապետություն և որ ինքը հանդիսանում է Միացյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այսպիսով, ներկայումս Հայաստանի ժողովուրդն է իր ամբողջացած հայրենիքի գերագույն տերն ու տնօրենը, և Հայաստանի պառլամենտն ու կառավարությունը հանդիսանում են Միացյալ Հայաստանի ազատ ժողովուրդը շաղկապող բարձրագույն օրենսդիր և գործադիր իշխանությունը:

Հայաստանի կառավարությունը սույն ակտը հրապարակում է 1919թ. ապրիլի 27-ի պառլամենտի որոշմամբ կառավարությանը տրված հատուկ լիազորությունների հիման վրա.

Մինիստրների խորհրդի նախագահի և

արտաքին գործոց մինիստրի պաշտոնակատար Ալ. Խատիսյան

Ներքին գործոց մինիստրի պաշտոնակատար Ս. Մանասյան

Զինվորական մինիստր, գեներալ մայոր Ք. Արարատյան

Արդարադատության մինիստրի պաշտոնակատար Հ. Չմշկյան

Հանրային կրթության մինիստր Գ. Մելիք-Ղարագյոզյան

Խնամատարության մինիստր Ս. Թորոսյան

Պարենավորման մինիստր Ք. Վերմիշյան

Ֆինանսների մինիստրի պաշտոնակատար Գ. Ջաղեթյան

Գործերի կառավարիչ Գ. Խատիսյան

1919թ. մայիսի 28-ին, Երեւան քաղաք»1:

1989 դեկտեմբերի 1-ին Արցախի Ազգային խորհուրդը և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համատեղ որոշում կայացրեցին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Խորհրդային կայսրության փլուզումից առաջ այդ որոշումը մեծ դեր կատարեց համայն հայության համախմբման և մեզ պարտադրված պատերազմում հաղթանակ արձանագրելու համար:

Այսօր ևս, ինչպես շուրջ քառորդ դար առաջ, առկա է աշխարհաքաղաքական քարտեզի և կարգի փոփոխության միտում: Մենք՝ հայերս, առավել զգայուն պետք է լինենք մեր տարածաշրջանում և նախկին Խորհրդային Միության երկրների տարածքներում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ: Մեր դիրքորոշումը պետք է արտահայտենք նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից համապատասխան փաստաթղթերի ընդունման միջոցով՝ ժամանակակից պահանջներին համահունչ նոր «Ազգային անվտանգության հայեցակարգ», «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենք, «Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման մասին» ՀՀ օրենք և այլն:

2015 թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիրը, համաձայն որի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, արտահայտելով Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` հասնելու Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը և ցեղասպանության հետևանքների հաղթահարմանը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիրը:

«Ժառանգություն» կուսակցությունը, լինելով հայ ժողովրդի պահանջատիրական իրավունքի քաղաքականության հետապնդողը, իր ծրագրային դրույթով ամրագրել է՝ լուծում տալ Ցեղասպանության ու նրա ժառանգության` Հայոց մեծ հայրենազրկման հիմնախնդրին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիրը, ներառելով համայն հայության պահանջների մի մասը, պետք է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվի որպես փաստաթուղթ:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

10 փետրվարի 2015թ.

Տեսանյութեր

Լրահոս