Վազգեն Մանուկյանը՝ Զորի Բալայանին. «Ջանք չեք խնայել և այսօր էլ չեք խնայում՝ ծառայելու մեր ժողովրդին»
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:
«Հարգելի՛ պարոն Բալայան,
Իմ և Հանրային խորհրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս հիշարժան տարեդարձի՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:
Անգնահատելի է Ձեր դերը հայ ժողովրդի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում՝ Արցախյան ազատամարտի տարիներին, երբ Դուք Ձեր ծանրակշիռ խոսքով, հայրենասիրական գաղափարներով ու մեծ նվիրվածությամբ ոգեղեն լիցք էիք հաղորդում մեր պայքարին:
Որպես գրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ՝ Ձեր գործունեության առանցքում միշտ եղել է Հայաստանն ու հայ ժողովուրդը՝ իր հոգսերով, իղձերով ու երազանքներով: Ջանք չեք խնայել և այսօր էլ չեք խնայում՝ ծառայելու մեր ժողովրդին, առաջ տանելու մեր միասնականության գաղափարն ու նպաստելու երկու հայկական պետությունների՝ Հայաստանի ու Արցախի զարգացմանն ու բարգավաճմանը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն, անսպառ եռանդ ու նորանոր ձեռքբերումներ»: