Պապա ջան, էլ չթողնես, որ ինձ ծեծեն. մոր կողմից հրկիզված տղային այցելել է հայրը. news.am
Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանի ամուսինը՝ Կարեն Նահապետյանը, չնայած կնոջ սպառնալիքներին, չի պատկերացրել, որ նա ընդունակ է վնասել սեփական որդուն: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Նահապետյանը, որը նախօրեին է վերադարձել ՌԴ-ից։
«Վերջին ամիսներին Աննան մի քանի անգամ զգուշացրել է, որ ես սենց չեմ ապրի, վերջ կտամ էս ամեն ինչին, կվնասեմ ինձ ու երեխայիս, բայց լուրջ չէի վերաբերում դրան, չէի պատկերացնում, որ սպառնալիքները կիրականացնի: Իմ գործերն էլ շատ վատ էին, խոսել եմ Աննայի հետ, բացատրել վիճակը, չգիտեմ՝ ինչու նման բան արեց»,- ասաց նա՝ նշելով, որ Աննան ընդունակ չէր նման բանի եւ պահի ազդեցության տակ է դա արել:
Կարեն Նահապետյանը պատմեց, որ 11 ամիս է, ինչ մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի, աշխատած գումարի մեծ մասն ուղարկել է Աննային եւ երեխային:
«Ինքը ինձ էդքան չէր հետաքրքրում, ուղղակի մեր երեխուն էի պահում, իրեն էլ ասում էի՝ աշխատի, դու դիպլոմ ունես, դու կրթված աղջիկ ես, ինքն էլ ասում էր, չէ՝ ես չեմ աշխատի, 15 տարի աշխատել եմ, հիմա ամուսնացել եմ, թող ամուսինս ինձ պահի, երեխուս մեծացնեմ»,-պատմեց Աննայի ամուսինը:
Կարենի խոսքով՝ Աննան ստել է, երբ հարեւաններին պատմել է, թե ինքը ծեծել է նրան, կամ սպառնացել նրանից խլել տունը կամ երեխային:
«Ես ինչի՞ պիտի ծեծեի Աննային: Տարվա մեջ 1 կամ 2 ամիս էի գալիս, Աննան նույնիսկ իմ ընտանիքին չի ընդունել, քրոջս, մորս հետ չի խոսել, շփվել: Նույնիսկ մի անգամ քույրս եկել էր երեխու ծնունդին, հրացան էր բերել, տարավ շպրտեց , ասում էր՝ ինադու է բերել, որ աչքս հանի»,- պատմեց Կարենը:
Կարեն Նահապետյանը նշեց, որ դեպքի մասին պատահական է իմացել, ՌԴ-ում իր հետ աշխատողներից:
«Չեմ պատկերացրել, որ մայրը իր երեխային կվնասի, նույնիսկ գիշատիչը նման բան չէր անի: Աննան ինձ միշտ ասում էր՝ դու քեզ այդտեղ լավ ես զգում, կայֆերի մեջ ես, ես էլ ասում էի՝ երեխուս համար եմ գնացել, որ սոված չմնա»:
Կարենի խոսքով՝ որդին շատ է ուրախացել իրեն տեսնելով, խնդրել է չհեռանալ:
«Ասում է՝ պապա ջան, էլ մի գնա: Պատմեց, որ մայրն է իրեն խփել, հետո էլ ասեց՝ պապա ջան, էլ չես թողնի, չէ՞, որ ինձ ծեծեն»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: