Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել
Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Բալայան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ:

Ձեր կյանքն ու գրական-հասարակական գործունեությունն ինքնատիպ մի
ստեղծագործություն են, որում սերտորեն զուգորդված են ժամանակն ու
իրադարձությունները, պատմությունն ու իրականությունը: Ավելի քան կես դար մի
քանի սերունդ ճանապարհորդել է Ձեր ստեղծած լրագրողական ու հրապարակախոսական իրապատում տարածքում՝ Կամչատկայից ու Բայկալից մինչեւ Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսներ, աշխարհասփյուռ հայության հետ կապվելով «Կիլիկիայի» ու «Արմենիայի» տախտակամածերի վրա ստեղծված Ձեր անկրկնելի նոթագրությամբ:

Ձեր կենսագրությունն անխզելիորեն կապված է արցախյան ազատագրական շարժման
ակունքների ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման գործընթացի, դրա
միջազգայնացման ու ճշմարտացի ընկալման հետ: Այդ կապը շարունակաբար ձգվում է
ցայսօր՝ ի դեմս հայի, լրագրողի ու գրողի, անկախության ու պետականության
բարձրագույն գաղափարին նվիրված քաղաքացու Ձեր անխոնջ գործունեության:

Ծննդյան օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներիս հետ միասին մաղթում եմ Ձեզ
առողջություն, ստեղծագործական ու հասարակական բեղմնավոր գործունեություն եւ
ամենայն բարիք»:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս