Միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելու ևս մեկ փորձ. Նաղդալյանը՝ Ալիևի ելույթի մասին
Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը , ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, հարթ չի ընթացել: Հնչող հարցերից նա երբեմն շփոթվել է և, ըստ էութան, կրկնել բազմիցս հնեցրած իր ձևակերպումները: Ալիևի մյունխենյան ելույթի մասին իր տպավորությունները փոխանցեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Ընդհանուր տպավորությունը այն է, որ Ադրբեջանի նախագահը վերջնականապես կորցնելով թե՛ հարգանքը միջազգային հանրության նկատմամբ, և թե՛ ինքնահարգանքը, այլևս ուրիշ տարբերակ չունի, քան աշխարհին ևս մեկ անգամ թյուրիմացության մեջ գցել և ներկայանալ բացարձակ ստով: Բայց չի կարելի այդքան անտրամաբանական և անհետևողական ստել: Ի տարբերություն մի քանի տարի առաջվա իրավիճակի, երբ հակամարտության կողմերին հավասարեցնող գնահատականներ էին հնչում, կամ հնչում էին հարցեր՝ ով է կրակում, ով է նախահարձակ լինում, այսօր արդեն ամեն ինչ այնքան պարզ է, որ ,,դադարեցրեք կրակել,, մակարդակի պարզունակ անտրամաբանական սուտը ասողին պարզապես ծիծաղելի է դարձնում:
Վկայակոչենք Մինսկի խմբի հմանախագահների` Մամեդյարովի հետ վերջին հանդիպման ժամանակ, ուղղակիորեն Ադրբեջանի հասցեին հնչեցված գնահատականները այն մասին, որ Ադրբեջանը պետք է կատարի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ստանձնած իր պարտավորությունները և դադարեցնի սահմանին անցյալ տարվանից սկսած լարվածության աճը: Ինչպես տեսնում ենք, հայկական դիվանագիտությունը հասել է մի հանգրվանի, երբ առաջին անգամ խախտվեցին պարիտետային գնահատականները և բաքվին ասացին՝ դու ես լարվածության մեղավորը:
Այս պարագայում Ալիևը դեռ շարունակում է բարձրաձայնել, թե հայկական կողմը մարտավարություն է կիրառում՝ կրակում է և մեղքը գցում Ադրբեջանի վրա: Ադրբեջանի նախագահի ընտրած ձևը հենց ջայլամի քաղաքականությունն է, որ կա՝ գլուխն ավազի մեջ մտցնել…, քանզի մտածում է , թե շատ դժվար է համադրել իր իսկ ռազմական հռետորաբանությունը, բազմաթիվ օր ու մեջ հնչող հայտարարությունները՝ Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին, միլիարդավոր դոլարների սպառազինությունները, բանակցային գործընթացում վերջին մի քանի տարում ցուցաբերած պահվածքը, դիպուկահարների ետ քաշելու, հետաքննության մեխանիզմներ մշակելու անհամաձայնությունը և այն իրավիճակը, որն այսօր առկա է սահմաններում և շփման գծում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամեն ինչ ասված է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարարությունում արված հայտարարության մեջ, որ «մենք պատերազմ հրահրելու որևէ պատճառ չունենք և երբեք նախահարձակ չենք լինում, սակայն մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետևել և հետևելու է հատուցման գործողություն»:
Իհարկե, Ադրբեջանի նախագահը լավ գիտի, որ Աղդամը և Ֆիզուլին խաղաղ հայ բնակչության համար անվտանգության գոտիներ են, և 1994թ. հրադադարը ստորագրելիս նրա հայրը նույնպես դա իմացել է, ուստի այսօր չարժե չքմեղանալ և զարմանք բեմադրել: Չարժե այլևս այդքան տրտնջալ նաև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շուրջ՝ այդ խաղը հնացավ: Նախագահ Ս. Սարգսյանը չափից ավելի մանրամասն պարզաբանեց այդ խնդիրը՝ վերջակետ դնելով թեմային:
Ալիևը դժգոհում է երկակի ստանդարտներից՝ կոչ անելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը մոտենալ այնպես, ինչպես Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, քանի որ երկու դեպքում էլ, իր կարծիքով, տեղի է ունեցել նույն սցենարը՝ օկուպացիա և սեպարատիզմ: Կարծում եմ, այդ մասով լավագույն պատասխանը Ալիևին տվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հիշեցրեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ առաջնահերթ է ազգերի ինքնորոշման իրավունքը: Հիշեցրեց նաև , որ ՄԱԿ-ը իր դեկլարացիայում սահմանել է միջազգային իրավունքի երկրները, որոնք ուզում են, որ իրենց ինքնիշխանությունը հարգվի. պետք է հարգեն այդ երկրներում ապրող ազգերի իրավունքը և թույլ չտան ինքնորոշման իրավունքի կանխումը՝ բիրտ ուժի օգտագործման ճանապարհով:
Շնորհակալություն, Սերգեյ Վիկտորովիչ, ինքնորոշման համար պայքարող բոլոր ժողովուրդների անունից»: