
Ուկրաինայի հակամարտության հետևանքով զոհերի թիվը մոտենում է 5500-ին. ՄԱԿ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում զոհվել է առնվազն 263 և վիրավորվել է գրեթե 700 խաղաղ բնակիչ:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: Վերջինիս ներկայացրած հաշվետվությունում նշված է, որ Դոնբասի հակամարտության սկսվելուց հետո զոհերի թիվը մոտենում է 5500-ի, իսկ վիրավորների թիվը՝ 13.000-ին:
Մասնավորապես, հունվարի 31-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Դոնբասի բնակավայրերում զոհվել է 263 և վիրավորվել է 674 քաղաքացիական անձինք:
2015 թվականի փետրվարի 5-ի դրությամբ Ուկրաինայի արևելքում սպանվել է 5486 մարդ (որոնցից 298-ը՝ մալայզիական օդանավում), որոնցից 59-ը երեխա և վիրավորվել է 12.972 մարդ՝ ներառյալ 153 երեխա:
Գերմանական հետախուզությունը չի բացառում, որ Ուկրաինայի պատերազմի հետևանքով կարող է զոհված լինել 50.000 մարդ: