
Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհվել է 50.000 մարդ. գերմանական հետախուզություն

Deutsche Welle-ի փոխանցմամբ` Ուկրաինայի ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր է` զոհվել է գրեթե 10 անգամ ավելի շատ մարդ, քան նշված է պաշտոնական տվյալներում: Այս մասին հայտնել է գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung (FAS) թերթը:
Գերմանիայի հատուկ ծառայությունները հավանական են համարում, որ իրականում Դոնբասի հակամարտության հետևանքով զոհվել է 50.000 մարդ: Պաշտոնական վերջին տվյալներով` զոհվել է 1200 զինվորական ու 5400 խաղաղ բնակիչ: Այդ տվյալները Մյունխենի անվտանգության կոնֆերանսում երեկ ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Հատուկ ծառայություններում թերթի աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական տվյալները կրում են միակողմանի բնույթ, դրանք նվազեցված են և դրա համար էլ չեն ներշնչում վստահություն: Մասնավորապես, ծանր մարտերից հետո հաճախ հաղորդվել է ավելի քան 10 զոհի մասին, թեև իրականում դրանց թիվը կարող է լինել շատ ավելի մեծ:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի տվյալներով` զոհերի թիվը կազմում է 5350 մարդ: Փորձագետները կարծում են, որ իրականում զոհերի թիվը շատ ավելին է` համեմատած նմանատիպ «պահպանողական գնահատականների» հետ: