«Լավ եմ արել, քիչ եմ արել». օպերային թատրոնում ծեծկռտուքի մասնակիցը մանրամասներ ներկայացրեց
Փետրվարի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված էր իտալացի հռչակավոր դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը, որը սկսվելուց մոտ երկու ժամ առաջ չեղյալ է հայտարարվել: Ըստ պաշտոնական տեղեկության` պատճառը դաշնակահարի վատառողջ լինելն էր, սակայն իրականում համերգի ձախողումն ուղեկցվել է սկանդալով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անտոնիո Կոնսալեսի հայաստանյան ներկայացուցիչ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ ներկայացրեց միջադեպի վերաբերյալ` հաստատելով նաեւ այն, որ այդ օրը օպերային թատրոնում ծեծկռտուք է եղել: Նա նաեւ մանրամասնեց, թե ում հետ եւ ինչպես է ծագել վեճը:
«Երբ ես մտա թատրոն եւ տեսա, թե ինչ շիկացած մթնոլորտ է այնտեղ եւ թե որքան վիրավորված է Կոնսալեսը, ես հարցրեցի, թե ինչ է պատահել եւ ով է վիրավորել դաշնակահարին: Ոչ մի պատասխան չստանալով` ես բարձրացրեցի ձայնս, որից հետո օպերային թատրոնի հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը ասաց` ինչի ես գոռում, ես էլ ասացի` լավ եմ անում, եւ այդպես սկսվեց քաշքշոցը: Այսինքն` ծեծկռտուքը չի եղել համերգի ձախողման պատճառը, ինչպես գրվեց, այլ այն եղել է դրա հետեւանքը»,-նշեց Դավիթ Խաչատրյանը` հավելելով, որ «դեռ քիչ է արել»:
«Երբ երկու տարի շարունակ մարդուն ներկայացնում ես, թե որքան լավն է քո երկիրը, թե ինչ լուրջ մշակութային պոտենցիալ ունեցող ազգ ենք, եւ նման բան է լինում, այլ կերպ վարվել չես կարող»,-եզրափակեց նա:
Աղբյուրը` style.news.am: