«Ցանկացած խոսք ու գործողություն կարող է անկառավարելի գործընթացի հանգեցնել». 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

-Պարոն Իսագուլյան, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովից հետո Եռյակին միացած արտախորհրդարանական ուժերից մեկի ղեկավարը՝ Տիգրան Կարապետյանը, հայտարարեց, որ իր սպասելիքները չեն արդարացել և Եռյակի հետ մնալու վերաբերյալ մտորումների մեջ է: Դուք ի՞նչ կասեք՝ նույնպե՞ս հիասթափություն եք ապրել:

-Ես չգիտեմ, թե ով ինչ սպասելիքներ է ունեցել, բայց համաժողովի խնդիրն այն էր, որ քաղաքական-հասարակական լայն շրջանակներ մասնակցեին ընդհանուր խնդրի քննարկմանը. այն է՝ Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակից դուրս գալու ելքերը:Այդ առումով խորհրդաժողովն իր խնդիրը լուծեց՝ և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ արտաքին ու ներքին քաղաքական խնդիրների առումով կային բավականին լուրջ ելույթներ, որոնք անպայման հետագայում ամփոփվելու են, և դրանց հանրագումարով որոշակի փաստաթուղթ է ի հայտ գալու:

-Այսինքն՝ ընդհանուր հռչակագի՞ր է լինելու:

-Չգիտեմ՝ դա ինչ տեսք կունենա՝ հռչակագիր, փաստաթուղթ, բայց անպայման որոշակի փաստաթուղթ լինելու է: Եթե որևէ մեկն այլ բան էր մտածում, ես չեմ կարող մեկնաբանել, համենայնդեպս այլ բան ծրագրված չի եղել: Խորհրդաժողովը շատ լուրջ քննարկեց առկա իրավիճակը, և հետագա գործողությունների հստակ ծրագիր առաջ քաշվեց:

-Այդ հստակ ծրագիրը ո՞րն է, մշուշոտ խոսքեր հնչեցին, նորից հանրահավաքներ, բայց հայտնի չէ, թե ինչ պահանջով:

-Եթե իրավիճակը նման կերպ շարունակվի, ապա դա Հայաստանը ուղղակի կտանի կործանման: Հարկավոր է ամեն ինչ անել, որ վերանան տնտեսական, քաղաքական և այլ մենաշնորհները: Հետևելու ենք իշխանությունների հետագա գործողություններին, զուգահեռաբար հանրահավաքներ անցկացնելու մարզերում: Մեծ հանրահավաք է անցկացվելու Երևանում, որից հետո հստակ կտրվի այն քարտեզը, որով շարժվելու է ընդդիմությունը մոտակա ժամանակաշրջանում:

-Բայց այդ մոտական մինչև 2017-18 թվակա՞նը կլինի, թե՞ խոսքը հերթական ընտրությունների մասին է:

-Ելույթների հիմնական մասը հենց այդ էր: Որևէ մեկի ելույթն այնպիսին չէր, որ այս ամենը տանում է հերթական ընտրությունների: Եթե գործող իշխանությունները այսպես շարունակեն՝ հավատացեք 2017-18 թվականներին ընդհանրապես հարցականի տակ կլինի Հայաստանի գոյությունն ու անվտանգությունը: Եվ ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

-Պարոն Իսագուլյան, Ծառուկյանն իր ելույթում կարծես նաև կոալիցիայի առաջարկ էր անում, իշխանությունների հետ համագործակցելու տեղ մնացե՞լ է:

-Բացարձակ նման բան չկա: Ես նայում եմ այդ մասին մեկնաբանությունները տարբեր լրատվամիջոցներով, բայց խոսքն այլ բանի մասին է:Պետք է համակարգային փոփոխությունների միջոցով հասնել նրան, որ վերանա քաղաքական, տնտեսական մենաշնորհը, և ձևավորվեն իշխանություններ, որոնք իրենց մեջ կներառեն անհատ քաղաքական ուժերի, լավ, կրթված մասնագետների ու կազմակերպությունների: Խոսքն ընդհանրապես ներկա իշխանությունների հետ կոալիցիա ձևավորելու մասին չէ, համակարգային փոփոխություններից հետո պետք է անել այնպես, որ նոր ձևավորվող կառավարությունը լինի ոչ թե մենաշնորհային, այլ կոալիցիոն: Մարդիկ, որոնք լավ մասնագետներ են, բայց որևէ կազմակերպության չեն պատկանում, իրենց տեղը պետք է ունենան պետականության շինարարության մեջ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս