
Մարին Լե Պենը եվրոպացի քաղաքական գործիչներին անվանել է ԱՄՆ-ի ծառաներ

Lenta.ru-ի փոխանցմամբ` ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը քննադատել է Ուկրաինայի ճգնաժամի հարցում եվրոպացի քաղաքական գործիչների պահվածքը: Այս մասին նա գրել է Twitter-ի միկրոբլոգում:
Լե Պենը գրել է, որ նրանք գնացել են Վաշինգտոնի ճանապարհով, որի նպատակը Եվրոպայում պատերազմ սանձազերծելն է. «Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա մենք մեզ պահում ենք ամերիկացիների ծառայի նման: Եվրոպական մայրաքաղաքներին չի բավականացնում իմաստունությունը, որպեսզի ձերբազատվեն տվյալ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումից ունեցած կախվածությունից»:
Լե Պենն ուկրաինական կառավարությանը մեղադրել է խաղաղ բնակիչներին ռմբակոծելու մեջ` ընդգծելով, որ Եվրոպայում նախընտրում են լռել սկանդալային այդ իրողության մասին. «Ամերիկացիների նպատակը Եվրոպայում պատերազմ սկսելն է, որպեսզի ՆԱՏՕ-ին դրդեն դեպի ռուսական սահման»:
Լե Պենն ընդգծել է, որ Ուկրաինայի ճգնաժամը պետք է կարգավորվի բացառապես դիվանագիտական ճանապարհով: 2014 թվականի մարտին Ֆրանսիայում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով «Ազգային ճակատը» զբաղեցրել է երրորդ տեղը` հավաքելով քվեների 6.8 տոկոսը:
Իսկ Եվրախորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքներով այդ մարմնում կուսակցության պատգամավորների թիվը 3-ից հասել է 22-ի: Մարին Լե Պենը նախորդ տարվա նոյեմբերին վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում: