«Ուզում եմ ընտանիքիս, 2 անչափահաս երեխաներիս գլխին լինել, ինձ շտապ վիրահատություն է հարկավոր, խնդրում եմ օգնել»…ԳԱԼԱ
Մեկ տարի առաջ այս օրերին Գյումրու Խանջյան 231/034 տնակում ապրող 40-ամյա տանտիրոջ՝ Հակոբ Կարապետյանի մոտ հայտնաբերվել է սրտային հիվանդություն, եւ թե Գյումրիում, թե մայրաքաղաքում բժիշկները նրան տեղեկացրել են, որ անհրաժեշտ է շտապ վիրահատություն՝ սրտի փականի պրոթեզավորում:
Սակայն Կարապետյանների ընտանիքն ապրում է սոցիալական դժվարին պայմաններում, Հակոբ Կարապետյանը մեզ պատմեց, որ մեկ տարի է, ինչ չի աշխատում, բժիշկներն ասել են, որ հարկավոր է նախ առողջական խնդիրներով զբաղվել, քանի դեռ այլ բարդություններ չեն առաջացել.
«Սրտի կլապանը պետք է փոխվի, էդպես են ասել, ու մայր երակը: Ասեցին ինչքան շուտ լինի վիրահատությունն, այդքան լավ: Մենք բացարձակ հնարավորություն չունենք, ուղիղ մի տարի, ինչ հիվանդությունը հայտնաբերվել է, ես տունը նստած եմ, չեմ աշխատում: Ես աշխատող մարդ եմ, ոչ մեկից ոչինչ չեմ սպասում, ուղղակի էսպես դասավորվեց, ու չգիտեմ ինչ է լինելու: Պայմանները գնալով վատանում են, եթե տան մեջ աշխատող չկա, պատկերացրեք էլի՝ ինչ վիճակ է ուղիղ մեկ տարի, ավելացրած նաեւ այդ վիրահատությունը, որ շտապ է, ու գումար չկա»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Հակոբ Կարապետյանը:
Հակոբի կինը՝ տիկին Անժելան, հուզված պատմում է, թե ամուսնու առողջական վիճակն օրեցօր վատթարանում է, բուժումն այլեւս արդյունք չի տալիս, շտապ վիրահատությունը կփրկի Հակոբի կյանքը, սակայն իրենց ֆինանսական հնարավորություններն այնքան սուղ են, որ անգամ 2 անչափահաս երեխաների դպրոցական ծախսերը հոգալ չեն կարող, իսկ վիրահատության համար պահանջվող գումարը 3 միլիոն 700 հազար դրամ է:
«Այս պահին ասում են՝ թոքերի վիճակը լավ է, հնարավոր է վիրահատել սիրտը, իսկ եթե բարձրացավ թոքերի ճնշումը, կամ մյուս օրգանները վնասվեցին, էլ արդեն չեն անի այդ վիրահատությունը, անիմաստ կդառնա: Բուժում, ասում են, չկա, միակ բուժումը վիրահատությունն է, հույս չկա, որ բուժմամբ լավի կգնա, փականի խնդիրը կա, ու ճնշումն այնպես է ընկնում, որ ասում են՝ կարող է շատ վատ բան տեղի ունենա: Կլապանն, ասում են, ժամանակին չի բացվում, որ արյան հոսքը կատարվի, դրա համար, ասում են, արյունը գոյանում է մյուս օրգաններին, որտեղ որ պետք չէ, ու նորմալ սնուցում տեղի չի ունենում»,- պատմեց Հակոբի կինը՝ Անժելա Սողոյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: