Բաժիններ՝

«Նեղության, ծանր կացության մեջ հայտնված մարդկանց օգնելու նպատակով առաջինը Աստծուն եմ դիմում, խնդրում եմ Նրան, որ զորավիգ լինի»: Առաքել Միրզոյան

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Առաքել Միրզոյանը:

– Ի՞նչ դեր ունի Աստված Ձեր կյանքում:

– Ես հավատում եմ Աստծո գոյությանը: Հավատն առ Աստված առաջնային տեղ է գրավում իմ կյանքում: Նեղության, ծանր կացության մեջ հայտնված մարդկանց օգնելու նպատակով առաջինը Աստծուն եմ դիմում, խնդրում եմ Նրան, որ զորավիգ լինի: Դա անում եմ ամբողջ հոգով և Աստված օգնության է հասնում: Ես շնորհակալ եմ Աստծուն:

– Արդյոք հրաշքներ եղե՞լ են Ձեր մարզական կյանքում: Եթե այո, ո՞ւմ եք վերագրել դրանք:

– Կյանքում շատ հրաշքներ են լինում: Պատահել է, որ մրցումների ժամանակ ինչ-ինչ պատճառներով այնքան էլ լավ պատրաստված չեմ եղել, բայց շատ լավ եմ հանդես եկել: Ես համոզված եմ, որ Աստված է օգնել ինձ այդ պահին: Դա Աստծո հրաշքն է եղել: Մրցումների ժամանակ, երբ դուրս եմ գալիս մրցահարթակ, երեք անգամ խաչակնքվում եմ և մտովի դիմում Աստծուն: Ընդհանրապես հաճախ եմ խաչակնքվում՝ ներքուստ զգալով, որ պետք է այդ պահին խաչակնքվել:

Araqel Mirzoyan1

– Դուք մկրտվա՞ծ եք: Ինչպե՞ս եք վերաբերվում մկրտությանը մարդու կյանքում:

– Կարծում եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է մկրտվի: Անցյալ տարի ապրիլ ամսին մրցումների բերումով եղել եմ Իսրայելում, գնացել եմ Երուսաղեմ, տեսել Հորդանան գետը, որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոս: Հագել եմ սպիտակ շապիկն ու մեծ երկյուղածությամբ և հավատով մտել գետը: Այցելել եմ նաև Ս. Հարության տաճար, Թաբոր լեռ, տարբեր սրբավայրեր և մեծ բավականություն ստացել ու առավել զորացել հավատով:
Ի դեպ, Իսրայելում մրցումների ժամանակ շատ լավ եմ հանդես եկել, և դա պատահական չէր:

– Ո՞րն է եղել Ձեր առաջին մեծ հաջողությունը մարզական կյանքում:

– Ինձ համար ամենամեծ հաջողությունը եղել է 2009թ.-ին Ռումինիայում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, երբ ես դեռ երիտասարդ էի՝ 17 տարեկան, և իմ առաջին մրցումը պետք է անցկացնեի մեծահասակների՝ 25-30 տարեկանների հետ: Ունեի լուրջ, տիտղոսակիր հակառակորդներ, սակայն Աստծո կամոք կարողացա շատ լուրջ արդյունք գրանցել՝ 67 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավեցի և մրցումներից հետո ճանաչվեցի Եվրոպայի լավագույն մարզիկ: Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր: Ես ուրախ եմ, որ կարողացել եմ իմ ազգը ներկայացնել, մեր երկիրը ճանաչել տալ, մեր դրոշը բարձրացնել, հիմնը հնչեցնել տալ: Դա մեծ պատիվ է ինձ համար:

Araqel Mirzoyan2

– Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:

– Հայ ժողովրդին մաղթում եմ, որ միմյանց հանդեպ լցվեն բարությամբ, լինեն երջանիկ և առողջ:

 Արևիկ Համբարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս