«Ո՞նց կարելի է օրը ցերեկով ավտոմատներով քաղաքում շրջել ու առևանգել մարդուն, ո՞ւր է Ոստիկանությունը»
Այս պահին ՓՄՁ-ների մի խումբ ներկայացուցիչներ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են կառավարությունից՝ միջամտել Արտակ Խաչատրյանի առևանգման գործի քննման գործընթացին, շուտափույթ գտնել և ետ վերադարձնել նրան։
Հիշեցնենք, որ այսօր ժամ 12։00-ի սահմաններում Տոլստոյի փողոցից երեք դիմակավոր և ավտոմաներով զինված անձինք առևանգել են «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին։ Նշենք նաև, որ Արտակ Խաչատրյանը ԲՀԿ կուսակցության անդամ է։
168.am-ի հետ զրույցում ՓՄՁ-ների ներկայացուցիչները նշեցին, որ իրենց պայքարը սկսվել է ՀՀ կառավարության մոտ, դրա համար էլ հավաքվել են նույն տեղում և հենց այնտեղից են պահանջում ետ վերադարձնել Արտակ Խաչատրյանին։ «Ոնց կարելի է օրը ցերեկով ավտոմատներով քաղաքում շրջել ու առևանգել մարդուն։ Պահանջում ենք գտնել մեր մարդուն և ետ վերադարձնել։ Ո՞ւր է քաղաքի Ոստիկանությունը, երբ օրը ցերեկով ավտոմատը ուսին գցած մարդիկ շրջում են»,- նշեցին ՓՄՁ-ների ներկայացուցիչները։
168.am-ի հետ զրույցում Արտակխ Խաչատրյանի եղբայրը` Արտյոմ Խաչատրյանը, նշեց որ Արտակին առևանգել են սև «Տոյոտա կոռոլլա» ավտոմեքենայով։ Արտակի հետ նրա ընկերը՝ Նարեկը, ում հարվածել են, բայց տարել են միայն Արտակին։ Նարեկը այժմ Կենտրոնի Ոստիկանության բաժնում է։
ՓՄՁ-ների ներկայացուցիչները նաև պաստառ են բերել, որի վրա գրված է. «Արտակ, դու մենակ չես»։