Վարուժան Ավետիսյանի արձագանքը ՀՀԿ-ականներին. «Փուչիկ է»

«Ժողովրդի իշխանությունը յուրացրած բոլոր պետական մարմինները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀԿ-ի վերնախավը, քաղաքականապես իրենք իրենց հայ ազգից դուրս են դրել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի այն հայտարարությանը, թե՝ «ինչպե՞ս կարելի է Ապրիլի 24-ը, որը, ենթադրաբար, ողջ հայության միասնության խորհուրդն ունի, դարձնել ժողովրդի պառակտման առարկա», ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ պատգամավորն «Իրատես de facto» թերթի հետ զրույցում՝ անդրադառնալով Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին, ասել էր. «Ինչպե՞ս կարելի է Ապրիլի 24-ը, որը, ենթադրաբար, ողջ հայության միասնության խորհուրդն ունի, դարձնել ժողովրդի պառակտման առարկա։ ԼՂՀ-ն ի՞նչ կապ ունի 100-րդ տարելիցն առանց ռեժիմի դիմավորելու հետ։ Սա անբարոյականություն է»:

Վ. Ավետիսյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՀԿ-ական պատգամավորի այս դիտարկումները՝ նշելով, որ «էթնիկապես միգուցե ՀՀԿ-ականները հայ են, բայց քաղաքականապես այլևս հայ չեն». «Իսկ մենք տվյալ դեպքում խոսում ենք քաղաքական սուբյեկտ հայ ժողովրդի մասին, իրենք դուրս են հայ ազգ քաղաքական սուբյեկտից»:

Վ. Ավետիսյանը հրաժարվեց մեկնաբանել նաև Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի tert.am-ի հետ զրույցում հնչեցրած հայտարարությունը: Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանն ասել էր. «Մեղմ ասած, ես՝ որպես հայ, ՀՀ քաղաքացի, չեմ հասկանա այն մարդկանց, որոնք մեր ողբի ու հպարտության հուշակոթողի մոտ կամ այդ առիթով կփորձեն հակազգային, հակապետական գործողությունների հետևանքով դավաճանական շահն առաջ տանել»:

Վ. Ավետիսյանը միայն նշեց, որ հանրապետականներին տարանջատելու խնդիր չկա. «Իրենք փաթեթ են ստացել, դերերը բաժանել են, ու բոլորը նույն բանը խոսում են, դա ուղղակի եթեր լցնելու նպատակ է հետապնդում, փուչիկ է»:

 

Տեսանյութեր

Լրահոս