Պուտինը Մերկելին ու Օլանդին առաջարկել է Ուկրաինայի հակամարտությունը կարգավորել «մերձդնեստրյան» սցենարով. The New York Times
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանաիայի կանցլեր Անգելա Մերկելին ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին առաջարկել է Ուկրաինայում «նոր Մերձդնեստրի» ստեղծման «ճանապարհային քարտեզ»:
Այս մասին թերթին հայտնել է արևմտյան իրազեկ դիվանագետը: Վերջինս դատապարտել է այդ առաջարկը՝ հայտարարելով, որ դա խաղաղության պլան չէ. «Դա Ուկրաինայում նոր Մերձդնեստր կամ Աբխազիա ստեղծելու «ճանապարհային քարտեզ» է: Դա ցինիկ փորձ է՝ դուրս գալու համար Մինսկում ստանձնած բոլոր պարտավորություններից»:
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը սրանից առաջ հայտարարել է, թե այսօր Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդների հանդիպման ժամանակ քննարկվելու է Ուկրաինայի արևելք ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու հարցը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ բրիտանական The Financial Times թերթը գրել էր, որ Պուտինը Մերկելին առաջարկել է Ուկրաինայի հակամարտությունը կարգավորել «չեչենական» սցենարով: