Սուրիկ Խաչատրյանն իր ցուցմունքում գրել է, թե դեպքի մասին իմացել է 3 ժամ անց, երբ բնական կարիքների պատճառով արթնացել է
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր իր բողոքների քննության ընթացքում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը լրացրեց իր բողոքները: Փաստաբանն անդրադարձավ 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածին նրա մասնակցությանը:
Փաստաբանն ասաց, որ քննիչն ու դատախազը հիմք են ընդունել այն վարկածը, որ իր առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի ողջ ընթացքում Սուրիկ Խաչատրյանն այդ տան ննջարանում քնած է եղել և անտեղյակ է եղել դեպքի մասին: Ըստ Հայկ Ալումյանի՝ քննիչն իր այս վարկածը կառուցել է Սուրիկ Խաչատրյանի, նրա որդիների, կնոջ, քրոջ, կնոջ քրոջ և իր ազգականի, նրանց աշխատողների ցուցմունքների վրա:
«Ինչպես Սուրիկ Խաչատրյանը, այնպես էլ վերը նշված մյուս անձինք ունեն հստակ շարժառիթ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությունը դեպքին թաքցնելու համար: Նրանց շարժառիթն է՝ Սուրիկ Խաչատրյանին զերծ պահել հնարավոր քրեական պատասխանատվությունից և պատժից, քանի որ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությունը դեպքին կարող է համապատասխան քրեաիրավական հետևանքներ առաջացնել վերջինիս համար: Բոլոր դեպքերում, այս անձանց ցուցմունքները չեն կարող համարվել անկողմնակալ վկայություններ՝ նրանց և Սուրիկ Խաչատրյանի սերտ կապերի և նրանց՝ Սուրիկ Խաչատրյանից կախված լինելու պատճառով:
Դրա հետ մեկտեղ, նրանց ցուցմունքներն ունեն ներքին հակասություններ: Այսպես, ըստ Սուրիկ Խաչատրյանի 2013թ. հուլիսի 3-ի ցուցմունքի (ի դեպ, ձեզ ասեմ՝ Սուրիկ Խաչատրյանին հարցաքննել են դեպքից 1 ամիս և 2 օր հետո: Պարզապես չեն համարձակվել հարցաքննել: Հետո երբ համարձակվել են, 1 ամիս 2 օր արդեն անցել էր)՝ նա դեպքի մասին իմացել է դեպքից մոտ 3 ժամ անց՝ գիշերվա ժամը 2:30-ին, երբ բնական կարիքների պատճառով արթնացել է: Այսինքն՝ դեպքն ավարտվելուց հետո ո՛չ Լորետա Բարսեղյանը, ո՛չ Տրդատը, ո՛չ էլ Տիգրանը չեն տեղեկացրել դեպքի մասին Սուրիկ Խաչատրյանին՝ ըստ նրա ցուցմունքների: Նկատի ունենալով, թե ինչպիսի ծայրահեղ դեպք էր տեղի ունեցել, նման վարքագիծը ոչ միայն անարժանահավատ է, այլ պարզապես բացառված է»,- դատարանում ասաց Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ դեպքը զուգորդվել է տղամարդկանց բարձր բղավոցներով, կանանց բարձր ճիչերով և տասնյակից ավելի կրակոցներով. դեպքի վայրից 15 պարկուճ է հայտնաբերվել. «Նման պայմաններում դեպքի ձայները չլսելու և չարթնանալու վարկածը պարզապես ողջամիտ չէ»:
Հայկ Ալումյանն ասաց, որ Արտակ Բուդաղյանն իր ցուցմունքում պնդել է, որ կրակոց է տեսել առանձնատան վերևի հարկից. «Ի դեպ, առանձնատանը, ըստ բոլորի ցուցմունքների, այդ իրադարձությունների ժամանակ ուրիշ ոչ ոք չէր կարող լինել, բացի Սուրիկ Խաչատրյանից: Բացի այդ, 2013թ. հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Ա. Հովհաննիսյանի կողմից օպերատիվ հաղորդագրություն է ուղարկվել Գորիսի քննչական բաժնի պետին այն մասին, որ՝ «հրազենային վնասվածքից մահացած Ավետիք Էմիլի Բուդաղյանից, ինչպես նաև հրազենային վնասվածքներ ստացած Արտակ Էմիլի Բուդաղյանից և Նիկոլայ Արարատի Աբրահամյանից բացի, դեպքի վայրում եղել են նաև Սյունիքի մարզի մարզպետ Սուրեն Սերգեյի Խաչատրյանը, Սյունիքի մարզի մարզպետի վարորդ Արարատ Շուրայի Ղևոնդյանը և Զարզանդ Արտաշի Նիկողոսյանը»:
Դեպքից ամիսներ անց նույն Ոստիկանության կողմից այս տվյալը հերքող գրություն է ուղարկվում:
Այդ կապակցությամբ հարցաքննված Գրիգոր Դալլաքյանը՝ պետի օպերատիվ գծով տեղակալը, իր 2014թ. մարտի 29-ի ցուցմունքում հայտնել է, որ Սուրիկ Խաչատրյանի մասնակցության մասին տեղեկությունը ստացած են եղել դեպքից 1-2 ժամ անց՝ հիվանդանոցի մոտ հավաքված անձանցից: Դալլաքյանը նշում է, որ նույն գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում՝ դեպքից 2 ու կես ժամ հետո, ինքն անձամբ քննիչի հետ միասին եղել է Սուրիկ Խաչատրյանի առանձնատանը, երկուսով մտել են վերջինիս ննջասենյակ և տեսել են նրան քնած, և այդպիսով Սուրիկ Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ տեղեկությունն իր համար համարվել է հերքված:
Քննիչը բավարարվել է Դալլաքյանի նման պարզաբանումով՝ հաշվի չառնելով, որ այն հակասում է գործի տվյալներին»: Հայկ Ալումյանի խոսքով՝ այս բացատրությունից երևում է, որ գրությունը գրված է եղել մինչև գիշերը 2-ը՝ մինչև այն ժամը, երբ մտել է ննջասենյակ և տեսել է, որ Սուրիկ Խաչատրյանը քնած է: Սակայն փաստաբանի խոսքով՝ գործի նյութերից երևում է, որ օպերատիվ հաղորդագրությունից առաջ Գորիսի բաժանմունք մուտք է եղել մի շարք անձանց անձնական խուզարկությունների արձանագրություններ. «Ինչպես երևում է այդ խուզարկությունների արձանագրություններից, դրանք կազմված են եղել 2013թ. հունիսի 2-ին՝ առավոտյան 8-ից մինչև 11-ի սահմաններում»: Հետևապես՝ նրա խոսքով՝ օպերատիվ հաղորդագրությունը մուտք է եղել 2013թ. հունիսի 2-ի առավոտյան 11-ից ավելի ուշ:
Հայկ Ալումյանի խոսքով՝ քննիչը պետք է պարզեր, թե որ հատվածում է գտնվում Սուրիկ Խաչատրյանի ննջասենյակը, որպեսզի գնահատեր այն ցուցմունքների արժանահավատությունը, որոնցվում ասված է, որ Սուրիկ Խաչատրյանը չի լսել դրսում տեղի ունեցած իրադարձությունները: Նրա խոսքով՝ այժմ Արտակ Բուդաղյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործի ընթացքում վկաները հարցաքննվելիս ասել են, որ Սուրիկ Խաչատրյանի ննջասենյակի պատուհանը նայում է ուղիղ դեպքի վայր:
Դատարանում Հայկ Ալումյանն անդրադարձավ նաև Նիկոլայ Աբրահամյանի վնասվածք ստանալուն. դրա պատճառումը վերագրված է Ավետիք Բուդաղյանին: Ըստ փաստաբանի՝ քննիչի կողմից հիմք է ընդունվել փորձաքննության եզրակացությունը, Նիկոլայ Աբրահամյանի և Մարիետա Շալունցի ցուցմունքները. «Սակայն այս անձանց առաջին ցուցմունքները բոլորվին այլ բովանդակություն ունեն»:
Փաստաբանը կասկածի տակ դրեց նախաքննական մարմնի այս վարկածը՝ նշելով, որ մինչ այժմ վիրավորվածի ոտքից գնդակը չի հանվել: Հայկ Ալումյանն ասաց, որ պետք էր պարզել, թե ում զենքին է համապատասխանում նրա մարմնում գտնվող գնդակը: Ըստ փաստաբանի՝ Նիկոլայ Աբրահամյանին բուժող բժիշկն ասել է, որ համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում հստակ որոշվել է գնդակի չափերը. «Այդ չափերի գնդակը չի համապատասխանում Ավետիք Բուդաղյանի զենքի տրամաչափին»:
Նրա խոսքով՝ մինչ այժմ համապատասխան փորձաքննության միջոցով չի պարզվել, թե Նիկոլայ Աբրահամյանի մարմնում գտնվող գնդակը կարող էր կրակված լինել Ավետիք Բուդաղյանի զենքի՞ց, թե՞ ոչ. «Եթե անգամ մինչև հիմա քննիչները չեն կարողացել այնպես անել, որ այդ գնդակը հանվի նրա մարմնից, այնուամենայնիվ, կարելի էր, չէ՞, փորձագետներին այդ տոմոգրաֆիայի նկարը տալ, ասել՝ խնդրում ենք՝ ելնելով այս գնդակի չափերից, գոնե ասեք՝ արդյո՞ք բացառված է կամ բացառված չէ այս գնդակի՝ այսինչ տրամաչափի զենքերից կրակված լինելը»:
Նա ժամանակ խնդրեց՝ իր բողոքը լրացնելու համար:
Գործով դատախազը ներկայացրեց իր առարկությունները: Նա նշեց, որ մեքենայի մեջ տեղի ունեցածի վերաբերյալ Հայկ Ալումյանի ներկայացրածը ենթադրություն է: Նրա խոսքով՝ երեք վկաներից ոչ մեկը չի ասել, թե Սուրիկ Խաչատրյանը հարվածել է Ավետիք Բուդաղյանին: Նրա խոսքով՝ փաստաբանի կողմից վկայակոչվող տեսագրություններում «որևէ բառ, որևէ խոսք որևէ մեկի կողմից չկա, որ Սուրիկ Խաչատրյանը հարվածել է Ավետիք Բուդաղյանին»: Մեղադրողն ասաց, որ բացի աշխատակիցների, հարազատների ցուցմունքից, կա նաև դեպքի տեսագրությունը: Օպերատիվ գրության վերաբերյալ էլ դատախազն ասաց, որ այն գրվել է ձեռագիր՝ երեկոյան ժամը 12-ի կամ 1-ի սահմաններում, բնականաբար, տվյալ ժամին որևէ աշխատանքային կառույցի քարտուղարություն չի գործում. «Այսինքն՝ չէր էլ կարող այդ ժամին մուտք լինել, գրանցվել: Բնականաբար, դա պետք է մուտք եղած լիներ հաջորդ օրն առավոտյան քարտուղարությունում, որի պատճառով կարող էր և ամսաթիվ փոխվել»:
Նա ընդամենը ենթադրություն, վարկած համարեց այն, որ Արտակ Բուդաղյանը նշել է, որ երկրորդ հարկից կրակոց է տեսել: «Կոնկրետ տեսագրությունով, ձեռք բերված ապացույցներով՝ հիմնավորված է, թե ով է կրակել Արտակ և Ավետիք Բուդաղյանների վրա, ինչ զենքով: Լավ, եթե նույնիսկ այդ ապացույցներին էլ չենք հավատում… Գոյություն ունի դատաձգաբանական փորձաքննության եզրակացություն, որ միևնույն զենքից է կրակվել թե՛ Ավետիք Բուդաղյանի, թե՛ Արտակ Բուդաղյանի վրա: Դա էլ հո փաստ է, որևէ ձև չենք կարող հերքել»: Իսկ Նիկոլայ Աբրահամյանի՝ վնասվածք ստանալու հանգամանքի վերաբերյալ էլ դատախազն ասաց, որ նա ներկայացրել է, թե ինչ պայմաններում է ստացել այդ վնասվածքը, և դրանք տեսագրության հետ համեմատելիս պարզ է դառնում, որ ամեն ինչ համընկնում է: