Գյումրի ուղարկվելուց առաջ Պերմյակովը 6 անգամ ինքնակամ լքել է Չիտայի զորամասը՝ նաև զինված. LifeNews (տեսանյութ)

LifeNews-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեի Ռազմաքննչական վարչության տվյալներով՝ 19-ամյա ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որին մեղադրում են Գյումրիում 7 մարդ սպանելու մեջ, 6 անգամ փախել է Չիտայի զորամասից: Մի շարք դեպքերում նա զորամասից ինքնակամ հեռացել է զենքը ձեռքին:

Եվ չնայած նրա կողմից կարգապահական բնույթի բազմաթիվ և կոպիտ խախտումներին՝ զորամասի հրամանատարը, այնուամենայնիվ, խորհուրդ է տվել (երաշխավորել է) ժամկետային զինծառայողին տեղափոխել Գյումրու զորամաս: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է քննչական կոմիտեում նրա աղբյուրը:

Վերջինս ընդգծել է, որ պաշտոնապես գրանցվել է Պերմյակովի կողմից փախուստի միայն մեկ դեպք, ինչից հետո նրան բուժման համար ուղարկել են հոգեբուժական բաժանմունք, ուր և Պերմյակովը բժիշկներին խոստովանել է, որ չի ցանկացել ծառայել:

Չիտայի զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովը հաստատել է Պերմյակովի կողմից զորամասի ինքնակամ լքման (ԶԻԼ) փաստը՝ ընդգծելով, որ նման բան տեղի է ունեցել միայն մեկ անգամ: Փաստաթղթերի համաձայն՝ դա տեղի է ունեցել մայիսի 22-ին, երբ նա մեկ օրից ավելի ինքնակամ բացակայել է զորամասից: Սոցկովը հայտարարել է, որ տեղյակ չէ Պերմյակովի կողմից փախուստի այլ դեպքերի մասին:

Տեսանյութեր

Լրահոս