«Արցախցիներին հանկարծ չմեղադրեք այս կազմակերպված պետական հանցագործության մեջ». Ազատամարտիկը՝ Բերձորի դեպքերի մասին (տեսանյութ)
«Այսօր՝ Հայաստանում ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր բանդայի կամակատար ոստիկաններն իրենց բնորոշ ապօրինի մեթոդներով թույլ չեն տվել, որ Բերձորում ջարդուփշուր եղած մեքենաները կանգնեցնեն այստեղ, Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանին և քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին էլ բերման են ենթարկել»,- այսօր Հիմնադիր խորհրդարանի կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:00-ին Հանրապետության հրապարակում պետք է տեղի ունենար Հիմնադիր խորհրդարանի անդամների մամուլի ասուլիսը, որի ժամանակ նրանք պետք է ներկայացնեին նաև Բերձորի միջադեպի ժամանակ վնասված ավտոմեքենաները: Առավոտյան, երբ Հիմնադիր խորհրդարանի անդամները փորձել են ավտոմեքենաները կայանել Հանարպետության հրապարակում, ոստիկանները մեքենաները տարել են տուգանային հրապարակ, իսկ Հիմնադիր խորհրդարանի որոշ անդամների բերման են ենթարկել:
Ազատամարտիկ Պավել Մանուկյանն էլ հայտարարեց, որ այն, ինչի ականատեսը եղանք, դա արցախցին չէր, դա «բանդայի կողմից օգտագործած խաժամուժն էր և նրանց վերջին սրիկայությունը». «Արցախցիներին հանկարծ չմեղադրեք այս կազմակերպված պետական հանցագործության մեջ: Մեզ համար շատ կարևոր է բարոյական աջակցությունը: Արցախահայությանը հանդիմանել այս ամենի մեջ, դա նույնն է, թե նորից մեզ այս կարգավիճակի առաջ կանգնեցնել: Ես դիմում ողջ աշխարհի հայությանը, այսօր այս տղաները ձեր կենդանի սուրն են: Մենք մեր վերքերը համարում ենք պետական շքանշենը ձեր կողմից, սիրելի ժողովուրդ»:
Մանրամասները՝ տեսանյությում: