Գագիկ Ծառուկյանի առաջարկը Սերժ Սարգսյանին

Այսօր մեկնարկեց և դեռ շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը: Դրա սկզբում ելույթ ունեցավ Գագիկ Ծառուկյանը, և, ինչպես ինքը հայտարարեց, մի քանի ուղերձներ հղեց հասարակությանն ու իշխանություններին: Այդ ելույթում իսկապես կան մի քանի ուղերձներ, որոնք կարելի է նաև համարել Ծառուկյանի կողմից ընթացիկ քաղաքական շրջափուլում իշխանությանը կամ Սերժ Սարգսյանին ներկայացվող առաջարկներ:

Նախ՝ իր ելույթում Գագիկ Ծառուկյանը թվարկելով երկրում ստեղծված հիմնախնդիրները՝ մի քանի անգամ կրկնեց, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է: «Մենք այսօր հստակ տիրապետում ենք հասարակության մեջ տիրող տրամադրություններին և պահանջներին: Մարդկանց համբերության բաժակն իրոք լցվել է: Վերջին շրջանի մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Գյումրիի ողբերգությունը, սահմանային ընդհարումների հաճախացումը, անտանելի գնաճը, ֆինանսական շուկայի անկայունությունները, այն վերջին կաթիլներն էին, որոնք պետք է հուշեն իշխանություններին, որ ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին: Մեկ անզգույշ քայլ, նույնիսկ մեկ անզգույշ բառ կարող են հարյուր-հազարավոր մարդկանց հանել փողոց, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի արդյունքում: Մի բան է հստակ՝ դա կլինի անկառավարելի, հզոր ալիք»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

«Անկառավարելիության» մասին հիշատակումն ուշագրավ է նրանով, որ նույն ելույթում ԲՀԿ նախագահը հայտարարեց, թե առաջիկայում հանրապետության մարզերում կայանալու են հանրահավաքներ, ապա Երևանում տեղի է ունենալու հզոր համապետական հանրահավաք: Այլ կերպ ասած՝ Ծառուկյանն ակնարկում է, որ ինքը կարող է և պատրաստվում է կառավարելի դարձնել «հասարակության պոռթկումը»:

Այդ հանրահավաքների միջոցով, ինչպես հայտարարեց Ծառուկյանը, ստիպելու են իշխանություններին «զգալ սեփական պատասխանատվության բաժինը»: «Սա նշանակում է, որ մեր՝ օր օրի թափ առնող շարժման միջոցով, մեր ամենօրյա աշխատանքի և ցանկացած պահի լեցուն փողոցների և հրապարակների միջոցով ստիպելու ենք գործող իշխանություններին՝ վերջապես զգալ սեփական պատասխանատվության բաժինը, հրաժարվել անպատասխանատու և նեղ խմբակային շահերից և պլաններից: Այս մարտավարությունը պետք է շարունակվի, մինչև նոր ընտրությունների արդյունքում կձևավորվի ժողովրդի իրական մանդատով օժտված նոր իշխանություն»,- հայտարարեց ԲՀԿ նախագահը:

Այստեղ ուշագրավ է «նոր ընտրություններ» արտահայտությունը: Այսինքն՝ այդ գործընթացը, հանրահավաքային պայքարը, ըստ Ծառուկյանի, կարող է շարունակվել ինչպես՝ մինչև արտահերթ, այնպես էլ՝ մինչև հերթական ընտրություններ: Ըստ էության, հենց այստեղ է Ծառուկյանի կողմից իշխանությանն առաջարկվող խաղի հիմնական ինտրիգը: Որովհետև այնպես չէ, որ Ծառուկյանն իր ելույթում չի խոսում արտահերթ ընտրությունների մասին: «Մենք պետք է լրջորեն պատրաստվենք ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորմանը, մերժելով՝ առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման՝ սահմանադրական փոփոխությունների փորձերը:

Կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնամասշտաբ պատերազմով, երբ տնտեսությունը գտնվում է ներքին և արտաքին գործոններով պայմանավորված խորը անկման մեջ, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել և պատճառ դառնալ հասարակական քաղաքական ցնցումների,- ասում է Գագիկ Ծառուկյանը՝ ավելացնելով,- Իսկ եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ»:

Ավելի պարզ ասած, Գագիկ Ծառուկյանն իշխանությանն առաջարկում է հրաժարվել սահմանադրական փոփոխությունների գաղափարից՝ դրա դիմաց առաջարկելով հասարակության պոռթկումը «կառավարելի» դարձնել՝ մինչև հաջորդ համապետական ընտրություններ: Ի՞նչ կպատասխանի իշխանությունը՝ պարզ կդառնա առաջիկայում:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր կարծիքը, ինչպես հայտարարվել է անցած տարի, հայտնելու է փետրվար-մարտ ամիսներին:

Ծառուկյանն իր ելույթի վերջում անուղղակիորեն հիշեցնում է այդ մասին: «Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում: Բայց քայլերի ժամանակն անսահման չէ»,- հայտարարում է Գագիկ Ծառուկյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս