
ԱՄԷ-ն դադարեցրել է «Իսլամական պետության» դեմ մարտական թռիչքները

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ԱՄԷ-ն դադարեցրել է «Իսլամական պետության» դեմ մարտական թռիչքները: Այդպիսի որոշում ընդունվել է այն բանից հետո, ինչ ջիհադականները 2014 թվականին դեկտեմբերին գերեվարեցին հորդանանցի օդաչու Մոազ ալ-Կասաբեհին և օրեր առաջ ողջ-ողջ այրեցին նրան:
ԱՄԷ-ի իշխանությունները Պենտագոնից պահանջում են Իրաքի հյուսիսում տեղակայել V-22 Osprey կոնվերտոպլաններ՝ ընկած ինքնաթիռների օդաչուներին փրկելու համար: Քանի դեռ այդ պահանջը չի կատարվել, ԱՄԷ-ի օդաչուները մարտական թռիչքներ չեն իրականացնի «Իսլամական պետության» դեմ:
Բացի այդ, Աբու Դաբին մտահոգություն է հայտնել Իրաքում «Իսլամական պետության» դեմ պատերազմում Իրանի ու շիա աշխարհազորայինների կապակցությամբ: ԱՄԷ-ն, Հորդանանը, Սաուդյան Արաբիան ու Բահրեյնը հակաջիհադական դաշինքին միացել են 2014 թվականի սեպտեմբերին: