
Իմ ընկերը նշանակվել է Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալ. Սաակաշվիլի

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արդարադատության փոխնախարար է դարձել Վրաստանի նախագահի նախկին լիազոր, ներքին գործերի նախկին փոխնախարար Գիա Գեցաձեն: Համապատասխան հրամանագիրը երեկ հրապարակվել է Ուկրաինայի կառավարության կայքում:
Հունվարի կեսին Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրոնկոն հայտնել էր Գեցաձեի մոտալուտ նշանակման մասին: Նրա խոսքերով՝ Գեցաձեն ու նրա թիմի անդամներն իրենց փաստաթղթերը ներկայացրել են Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու համար:
Ենթադրվում է, որ նորանշանակ փոխնախարարը համակարգելու է կոռուպցիայի դեմ պայքարի, պետական գործադիր ու գրանցման ծառայությունների բարեփոխման աշխատանքները: Գեցաձեի նշանակման մասին հայտարարել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին.
«Իմ ընկեր Գիա Գեցաձեն նշանակվել է Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալ: Նախկինում նա բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի կառավարությունում»: