
Ուորլիքը կոչ է արել ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնել Ադրբեջանի կառավարությանը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության խնդրանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի հարցը.
«Մենք համապատասխան լիազոր անձանց կոչ ենք անում երկու բանտարկյալին վերադարձնել Ադրբեջանի կառավարությանը: Մարդասիրական այդ քայլը կնպաստի կողմերի միջև վստահության ստեղծմանն ու լարվածության նվազեցմանը»:
Մատնանշելով անցյալում նման պրակտիկայի առկայությունը՝ Ուորլիքը նաև հիշեցրել է, որ Աստրախանյան հռչակագրով (2010 թվականի հոկտեմբերին ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները) կողմերը պայմանավորվել են վերադարձնել պատանդներին:
Ուորլիքը հույս է հայտնել, իրավիճակից դուրս գալու համար այդպիսի քայլեր կարող են ընդունվել նաև այժմ: Ուորլիքին հարցրել են, թե ԱՄՆ-ն ինչպես է վերաբերվում Գերմանիայի ու Թուրքիայի ընդունման հաշվին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի ընդլայնմանը:
Ուորլիքը պատասխանել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող գործընթացը կողմերի միջև բանակցություններ վարելու համար միակ ընդունված ձևաչափն է: Համանախագահներն ամբողջովին հավատարիմ են Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը հասնելու շուրջ ստանձնած պարտավորություններին:
Միևնույն ժամանակ մենք կողմերի խնդրանքով գործում ենք ԵԱՀԿ նախագահի մանդատի շրջանակներում: Քանի դեռ կողմերն օգտակար են համարում մեր միջնորդական դերը, մենք կշարունակենք խաղաղությանը հասնելուն ուղղված մեր գործունեությունը»: