«Երբեք մեր մտքով չի անցել Ղարաբաղը խառնել մեր քաղաքական պայքարին». Վազգեն Մանուկյան

Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ «Անկախը» լսել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի տեսակետները:

-Պարո՛ն Մանուկյան, Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած ավտոերթը դեպի Արցախ կասեցվեց. կիրառվեց բռնի ուժ: Ի՞նչ գնահատական կտաք դրան:

– Անկախ ցանկացած հանգամանքից, քաղաքականության մեջ ֆիզիկական ուժ կիրառելը թուլության նշան է: Դա նշանակում է, որ չես կարողացել այլ կերպ իրավիճակը շտկել: Այնպես որ ես, ինչպես ցանկացած նորմալ քաղաքացի, կտրականապես դեմ եմ բռնությանը. սա քննարկան հարց չէ:

Բայց այս ամեն ինչի մեջ կան տարօրինակություններ: Առաջին՝ կարգախոսը՝ «100-ամյակն առանց ռեժիմի»: Այն, որ շատերին իշխանությունը դուր չի գալիս և կուզենային փոխել, բնական է, ամբողջ աշխարհում էլ նման պայքար մղվում է: Բայց Ցեղասպանության ժամանակ մեզ սպանել են ոչ թե կուսակցության պատկանելության համար, այլ որպես հայի, և միշտ ապրիլի 24-ին աշխարհի ողջ հայությունը ցուցաբերում է միասնականություն ու համերաշխություն՝ անկախ քաղաքական հակասություններից: Նույնիսկ Սփյուռքի երեք ավանդական կուսակցությունները, որ իրար հետ անընդհատ գզվռտվում էին այն տարիներին, այդ օրը միասնական միջոցառումներ էին կազմակերպում: Հիմա շատ տարօրինակ է, թե ոնց է այդ մարդկանց մտքով անցել նման կարգախոս հռչակել:

Երկրորդ տարօրինակությունն իրենց պայքարին Արցախը խառնելն է: Ես ինքս երկար տարիներ եղել եմ և՛ ընդդիմության ղեկավար, և՛ ընդդիմության առաջին դեմքերից, բայց երբեք մեր մտքով չի անցել Ղարաբաղը խառնել մեր քաղաքական պայքարին: Ղարաբաղը ռազմաճակատ է, Ղարաբաղի ժողովուրդն ամենօրյա վտանգված ռազմաճակատում է գտնվում: Այնպես չէ, որ Ղարաբաղում ընդդիմություն չկա, և բոլորը սիրում են իշխանություններին, նրանք էլ իրենց խնդիրներն ունեն: Այնպես չէ նաև, որ Ղարաբաղի ժողովուրդը հիացած է մեր իշխանություններով: Բայց մենք միասնական ճակատ ենք կազմել ընդհանուր թշնամու դեմ, ու հիմա փորձել ղարաբաղցիներին մտցնել այս քաղաքական պայքարի մեջ, ուղղակի անհեթեթություն է և տարօրինակություն: Ընդհանրապես վերջերս Հայաստանում տարօրինակ բաներ են կատարվում, սա էլ դրանցից մեկն էր:

-Հնարավոր չէ՞ր կանխել այդ իրադարձությունները, և ո՞վ է պատասխանատու այդ ամենի համար:

-Այո, հարցերից մեկն էլ վերաբերում է դրան: Մի՞թե իշխանությունները հնարավորություն չունեին կանխատեսելու, թե ինչ կարող է լինել այդ ամենի հետևանքով: Եթե ինձ հարցնեին, իմ փորձից ելնելով՝ կասեի, որ մեծ հավանականությամբ ընդհարում լինելու է` այս կամ այն ձևով, և այդ ընդհարումը հարվածելու է ողջ հայ ժողովրդին: Իսկ այդ ընդհարումը նախևառաջ ստվեր գցեց Ղարաբաղի վրա՝ որպես ժողովրդավար պետության, ինչը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք դրանով ենք նաև պայքարում Ղարաբաղի համար: Բացի այդ, գաղտնիք չէ, որ այդ հայաստանցի-ղարաբաղցի խնդիրն այս տարիների ընթացքում ինչ-որ չափով առաջացել էր, ու հիմա այս դեպքերից հետո աննախադեպ աստիճանի հասավ:

Հիմա ես ուզում եմ հարց տալ մեր իշխանություններին՝ ունե՞նք հետախուզություն, հակահետախուզություն, աշխատանք ռադիկալ խմբերի հետ, վերլուծական կենտրոն, որտեղ քննարկվի, թե ինչից ինչ կարող է լինել, որովհետև նման բաներ անընդհատ էլ լինելու են, երբեմն՝ բնական ճանապարհով, երբեմն էլ՝ դրսից հրահրված: Մենք ունե՞նք նման կանխարգելիչ կառույցներ: Իմ տպավորությամբ՝ ոչ: Վերցնենք Հանրային խորհուրդը: Օրինակ՝ հանրության շրջանում առաջացած վերջին դժգոհությունը՝ կապված «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ: Մենք դեռևս անցած տարի, երբ օրենքը նոր էր ընդունվել, հարցը քննարկել ենք, ասել ենք, թե սա ինչ հետևանքների կարող է հանգեցնել: Այդ հետևանքները եղան, ժողովուրդը ոտքի կանգնեց, նոր քայլեր ձեռնարկեցին: Օրինակները շատ են՝ ծննդաբերող կանանց նպաստների հետ կապված հարցը, Մաշտոցի պուրակի հարցը և այլն, և այլն: Լավ, Հանրային խորհուրդը մի կողմ թողնենք: Չէ՞ որ երկիրը պետք է ունենա անվտանգության խորհուրդ, դրան կից՝ վերլուծական կենտրոններ և այլն: Ես կարծում եմ՝ հնարավոր էր կանխել այս դեպքերը:

-Այնուամենայնիվ, եղածը եղած է: Հիմա՞ ինչ է պետք անել, որպեսզի հետևանքներն առավել խոցելի չդարձնեն մեր երկու հայկական պետությունները:

-Այո, ունենք այն, ինչ ունենք, և դա ամենևին էլ հօգուտ մեզ չէ, մենք շատ մեծ վնասներ կրեցինք այս ամենից, մանավանդ որ համարյա ռազմական իրավիճակում ենք գտնվում: Հայաստանն այսօր բավականին վտանգված վիճակում է, և ես կարծում եմ՝ պետք է մեծ անձնազոհությամբ և զսպվածությամբ վերաբերվել շատ հարցերի ու մտածել ապագայի մասին: Սակայն իմ ասածն ուղղված չէ միայն ընդդիմությանը, նույն չափով էլ ուղղված է իշխանությանը: Այնպես չէ, որ եթե երկիրը վտանգված է, ընդդիմությունն իրավունք չունի ձայն հանելու: Բայց կա եզր, որից այն կողմ ընդդիմությունը չպիտի անցնի, և կա եզր, որից այն կողմ իշխանությունը չպիտի անցնի:

– Տվյալ դեպքում երկուսն էլ հատե՞լ են եզրը:

– Տվյալ դեպքում՝ այո: Բայց խոսքը միայն այս դեպքի մասին չէ, այլ ընդհանրապես. խոսքը կոռուպցիայի մասին է, երկրում կարգուկանոն հաստատելու մասին, ձեռներեցներին ազատ աշխատելու հնարավորություն տալու մասին և բազմաթիվ այլ հարցերի մասին: Եվ ես այսօր զսպվածության կոչ կանեի ընդդիմությանը, նույնքան էլ կամ գուցե ավելի՝ իշխանությանը, որովհետև միայն այդ դեպքում կկարողանանք դիմակայել այն մարտահրավերներին, որ այժմ մեր առջև են: Ինչ վերաբերում է կոնկրետ այս իրավիճակին, ապա երկու կողմն էլ պետք է զսպվածություն ու բարյացկամություն ցուցաբերեն: Ոչ մի դեպքում այս կռիվը չի կարելի ընկալել որպես հայաստանցու և ղարաբաղցու կռիվ: Մենք պատերազմի ժամանակ երբեք նման հարց չենք դրել. ուս ուսի տված պաշտպանել ենք և՛ Ղարաբաղի սահմանները, և՛ Հայաստանի, ու միասնաբար հասել ենք մեր հաղթանակին:

Զրույցը վարել է Անի Գասպարյանը

Տեսանյութեր

Լրահոս