Երվանդ Զախարյան. Ամեն ինչ արվելու է, որ «Նաիրիտը» վերագործարկվի և գույքը աճուրդի չի դրվի
««Նաիրիտ» գործարանի խնդրով ստեղծվել են հանձնաժողովներ, սակայն սայլը տեղից չի շարժվում, և շուտով կոլեկտիվը զանգվածային գործազուրկ է դառնալու»: Այսօր ԱԺ նիստում կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է կառավարությունը պատկերացնում «Նաիրիտի» վերագործարկումը, ի՞նչ է սպասվում աշխատակազմին, «Նաիրիտի» ակտիվների խնդիրը ի՞նչ է լինելու, այս խառնաշփոթի մեջ չօտարվեն և հետո փաստի առաջ կանգնենք: Նա նշեց, որ ՀՀ-ն է գործարանի բաժնետոմսերի 90%-ի սեփականատերը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վստահեցրեց, թե գործարանի վիճակն անհանգստացնող է ինչպես ձեր, այնպես էլ բոլորի համար, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների: Նա ասաց, որ նախարարությունում մի քանի հանդիպումներ է ունեցել գործարանի կոլելկտիվի հետ, հարցը քննարկվել է, մասնակցել են նաև ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ: Զախարյանը հաստատեց, որ «Ռայնովիլի» կողմից ներդրումների չկատարումից հետո բաժնետոմսերը պետք է անցնեն ՀՀ կառավարությանը, բայց դրանք գրավադրված են Միջպետական բանկում. «ԿԲ-ի, նախարարության և կառավարության կողմից կատարվում են աշխատանքներ բաժնետոմսերը վերադարձնելու ուղղությամբ: Մեր սպասումները իրատեսական են, գտնում ենք, որ բանակցություններից հետո մոտակա ամիսներին հարցը կլուծվի»:
«Չպետք է քննարկվի «Նաիրիտի» լիկվիդացման հարց: Այն կարելի է վերագործարկել համահայկական բաժնետիրական ընկերության միջոցով: Դա հնարավոր է»,- հայտարարեց Ա.Մինասյանն ու տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ այս հարցը կքննարկվի «Նաիրիտի» հարցով ԱԺ ենթահանձնաժողովում:
Ե.Զախարյանը վստահեցրեց, թե ՀԲ կողմից տրված եզրակացությունից հետո ամեն ինչ արվելու է, որ «Նաիրիտը» վերագործարկվի և գույքը աճուրդի չի դրվի. «Մենք լավատես ենք»: