Արցախյան գորգերը արտահանվում են Միացյալ Նահանգներ
«Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերությունը նախատեսում է նոր արտադրամաս ստեղծել Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում։
Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ղարաբաղ կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը՝ արտադրամասի շենքի շինարարական աշխատանքների ավարտից հետո, մոտ 2-3 ամսից արտադրամասը կգործարկվի։ «Ընդհանուր առմամբ, 2013-2014 թվականների ընթացքում 5 գորգագործական արտադրամաս ենք հիմնել Արցախի տարբեր շրջաններում։ Մեր ընդհանուր աշխատողների թիվը գերազանցում է 170-ը»,- հայտնեց Ս. Խաչատրյանը։
Անդրադառնալով արտադրանքի իրացման հարցին, ընկերության տնօրենը կարևորեց 2014 թվականի աշնանը Երևանում բացված «Ղարաբաղ կարպետ»-ի ֆիրմային խանութ-սրահի գոյությունը։ Այդ կերպ հնարավորություն է ընձեռվել արցախյան գորգագործների արտադրանքը ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլև Երևան այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներին։ «Մենք արտադրանքն արտահանում ենք հիմնականում Միացյալ Նահանգներ, որտեղ սփյուռքի մեր հայրենակիցներն օժանդակում են գորգերի իրացման գործում։ Առանձին պատվերներ ունենում ենք նաև աշխարհի տարբեր երկրներից։
Մեր պաշտոնական կայքէջում գործում է նաև առցանց վաճառք-խանութ, որի միջոցով նույնպես պատվերներ ենք ստանում»,- մանրամասնեց տնօրենը։ Ս. Խաչատրյանի խոսքով, «Ղարաբաղ կարպետ»-ի արտադրական գործունեությունը ներկայումս բավականին ամուր և բարձր հիմքերի վրա է դրված, ինչն էլ երաշխիք է հանդիսանում որակյալ արտադրանքի համար։ Հաջորդ քայլն, ըստ Ս. Խաչատրյանի, լուրջ մարկետինգային քաղաքականության մշակումն է, որպեսզի արցախյան գորգագործական ընկերության արտադրանքը պատշաճ կերպով ներկայացվի միջազգային շուկայում։