«Երևանը մաքսիմալ սերտ հարաբերություններ կպահպանի Մոսկվայի հետ, որը թույլ կտա շատ հարցերում պատասխանատվությունը գցել ՌԴ-ի վրա». Վադիմ Դուբնով

«Երևանը մաքսիմալ սերտ հարաբերություններ կպահպանի Մոսկվայի հետ, որը թույլ կտա շատ հարցերում պատասխանատվությունը գցել ՌԴ-ի վրա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովն`անդրադառնալով «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի զեկույցին, որի համաձայն հետխորհրդային տարածքում Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակիցներ Բելառուսը և Հայաստանը հնարավոր է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Արևմուտքի հետ հակամարտության լույսի ներքո:

Չնայած Հայաստանում գլուխ բարձրացրած հակառուսական տրամադրություններին և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակների «ձեռնպահ» քվեարկությանը` ռուսաստանցի վերլուծաբանը կարծում է, որ  Ռուսաստանը Հայաստանի դեպքում  լուրջ  խնդիրներ չունի, քանի որ իշխանության հայկական մոդելը նույնիսկ ենթադրում է մաքսիմալ սերտ հարաբերություններ Մոսկվայի հետ, այնքան մաքսիմալ, որը թույլ կտա շատ հարցերում պատասխանատվությունը գցել  Ռուսաստանի վրա, ինչպես տեղի ունեցավ Գյումրիի ողբերգությունից հետո:

«Հաշվի առնելով հայաստանյան իշխանության տեսակը` կարելի է ենթադրել, որ այդ իշխանության համար Ռուսաստանի աջակցությունը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած այլ երկրի աջակցությունը: Ուստի Ռուսաստանը միշտ առաջին տեղում կլինի ներկայիս իշխանությունների համար, ինչն էլ չի ենթադրում, որ Հայաստանն անպայմանորեն պետք է հրաժարվի իր հռչակած կոմպլեմենտար քաղաքականությունից: Այսինքն` դա կարող է շարունակվել ապագայում ևս: Հայաստանում ոչինչ չի փոխվում նույնիսկ հասարակական կարծիքի մակարդակում»,- նշեց Վադիմ Դուբնովը:

Վադիմ Դուբնովի հետ ամբողջական հարցազրույցն՝ ավելի ուշ:  

Տեսանյութեր

Լրահոս