Թուրքիայի զինված ուժերում ծառայում է 345 գեներալ ու ծովակալ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերում գեներալների ու ծովակալների թիվը հասնում է 345-ի: Այս տվյալը ներկայացրել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային զորքերի, Ժանդարմերիայի ու Առափնյա պաշտպանության ուժերի կազմում ծառայում է 39.432 սպա և 97.533 ենթասպա: Ընդհանուր առմամբ, մասնագիտացված անձնակազմի թիվը կազմում է 226.465 մարդ:
Թուրքիայի զինված ուժերի օժանդակ անձնակազմի թիվը հասնում է 410.179-ի, որից 7334-ն օժանդակ սպաներ են: Բացի այդ, զինված ուժերում քաղաքացիական ծառայողների թիվը հասնում է 52.860-ի: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը կազմում է 689.324 զինծառայող:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտին թուրքական մամուլը գրել էր, թե 2002-2013 թվականներին սեփական նախաձեռնությամբ Թուրքիայի զինված ուժերը լքել է 62 գեներալ ու ծովակալ, ինչպես նաև ավելի քան 41.000 սպա ու ենթասպա: