
Զուրաբ Ժվանիայի մահվան գործով հայտնվել է անսպասելի վկա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով ի հայտ է եկել նոր վկա: Խոսքը գնում է ազատազրկման մեջ գտնվող քաղաքացու մասին: Այս մասին երեկ հայտարարել է դատավոր Դավիթ Մգելիաշվիլին:
Նա հայտարարել է, որ նամակ է ստացել բանտարկյալներից մեկից, որում վստահեցվում է, որ Ժվանիան 11 մարդու ներկայությամբ սպանվել է Տելավիում, որոնցից երեքը ներկայումս զբաղեցնում են նախարարական պաշտոններ:
Դատավորը հավելել է, որ բանտարկյալը վստահեցրել է, որ այդ ժամանակ աշխատել է Վրաստանի նախագահի պահպանման ծառայությունում և պատրաստ է դատարանի առջև կանգնել որպես վկա: Մեղադրող կողմը խոստացել է ստուգել նամակի հավաստիությունը և բանտարկյալի ցուցմունքը:
Դատական փորձաքննության ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննության բաժնի նախկին պետ Լևան Չաչուան ձերբարակվել է 2014 թվականի մարտին և մեղադրվել է ծառայողական անփութության մեջ:
Հետաքննող կողմը կարծում է, որ Չաչուան ամբողջովին չի նկարագրել Ժվանիայի և նրա հետ միասին մահացած վիճակում հայտնաբերված Քվեմո Քարթլիի նախկին փոխնահանգապետ Ռաուլ Յուսուպովի մարմնական վնասվածքները:
Վրաստանի նախկին վարչապետ, «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից Զուրաբ Ժվանիային Թբիլիսիի բնակարաններից մեկում մահացած վիճակում հայտնաբերել են 2005 թվականի փետրվարի 3-ին: Պաշտոնական վարկածով՝ նրա մահվան պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը: