Խոշոր հարկատուների ցանկի հերոսներն ու «հակահերոսները»
ՀՀ Ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը երեկ հրապարակել է 2014 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը 2014 թվականի ընթացքում պետբյուջե է վճարել 42.8 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ «Ղ-Տելեկոմը» (Վիվասել) ցանկում երկրորդն է՝ 28.8 միլիարդ դրամով։ Խոշորագույն հարկատուների առաջին եռյակը եզրափակում է «Ալեքս Գրիգը»՝ 21.5 միլիարդ դրամով։
Բացարձակ առումով հարկերն ամենից շատ ավելացրել է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ շուրջ 6.7 միլիարդ դրամով։ Սակայն ցանկի հերոսն, անշուշտ, «Գրանդ Տոբակոն է», որը առաջին տասնյակի մեջ մտնող ընկերությունների թվում տոկոսային առումով ամենից շատ է հարկերն ավելացրել։ «Գրանդ Տոբակո»-ն կրկնապատկել է հարկերը՝ 4.9 միլիարդից հացսնելով 10.4 միլիարդ դրամի, և 17-րդ հորիզոնականից բարձրացել 8-րդը։ Իսկ «հակահերոսը» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ 2013 թվականի թիվ 1 հարկատուն կիսով չափ կրճատել է հարկերը՝ 37.8 միլիարդից հասցնելով 19.9 միլիարդի։
1000 խոշոր հարկատուները միասին նախորդ տարվա ընթացքում պետբյուջե են վճարել 700.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 2013 թվականի 665 մլրդ դրամի դիմաց։ Այսպիսով, 1000 խոշոր հարկատուները հարկերն ավելացրել են 35.5 միլիարդ դրամով կամ 5.3%-ով։