ՓՄՁ-ների ներկայացուցիչները երկու շաբաթ ժամանակ են տալիս կառավարությանը, այս ընթացքում բողոքի ակցիաներ չեն լինի

«Որոշեցինք, որ շատ խիստ, մերժողական դիրք չբռնենք և վարչապետին տանք հնարավորություն՝ այդ 2 շաբաթյա ժամկետում հանդես գալ իրենց ասած կոմպրոմիսային կամ նոր տարբերակով»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետագա քայլերի մասին, տեղեկացրեց «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այսօր ոչ իշխանական եռյակը ժամը 18:30-ին արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցը: ՓՄՁ-ների ներկայացուցիչենրը պատրաստվում էին հենցայդ ժամանակ հավաքվել ԱԺ-ի դիմաց՝ իմանալու համար, թե ինչ որոշում կայացվեց:  Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ոչ իշխանական ուժերի հանդիպման ժամանակ որոշվել է հարցը քննարկման դնել ԱԺ հաջորդ քառօրյայում:

Խորհրդակցությունից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ այսօրվա արտահերթ նիստը հետաձգվել է մինչև հաջորդ քառօրյա: Ըստ նրա՝ մոտեցումների միջև բավականին ընդհանրություններ կան. «Մենք գտնում ենք, որ կարող ենք այդ ընդհանուր մոտեցումներով ներկայանալ հաջորդ քառօրյային: Մենք նաև ընդգծեցինք, որ եթե հաջորդ քառօրյային ընդհանուր մոտեցումներ չձևավորվեն, ապա կրկին նախաձեռնելու ենք արտահերթ նիստ»:

ՓՄՁ-ների ներյացուցիչները որոշել են այս երկու շաբաթը  սպասել, հետո կորոշեն՝ ինչ անել. «Ընթացող քննարկումներից ելնելով՝ կորոշենք՝ հետագա քայլերն ինչ են լինելու»,- նշեց Արտակ Խաչատրյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ, ամենայն հավանականությամբ, այս երկու շաբաթվա ընթացքում բողոքի ակցիաներ չեն լինի: Ա. Խաչատրյանի խոսքով՝ եթե վերջնական որոշումը իրենց դուր չեկավ, իրենք նույն ձևով կշարունակեն պայքարել:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ էր մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում է 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ըստ կառավարության՝ նոր  օրենքը հնարավորություն կտա խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ:

ՓՄՁ ներկայացուցիչների բողոքներից հետո՝ 2014թ. հոկտեմբերի 6-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել: Արդեն մեկ շաբաթ է՝ ՓՄՁ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում  ՀՀ կառավարության, ինչպես ՀՀ նախագահական նստավայրի մոտ:

ՀՀ նախագահի նստավայրից կրկին կառավարություն վերադարձած ձեռնարկատերերը հայտարարեցին անժամկետ նստացույց սկսելու մասին, նրանք նաև սպառնում էին փետրվարի 1-ից գործադուլ անել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ցուցարարների պատվիրակությանը և խոստացավ նրանց պատասխանել այսօր՝ երկուշաբթի օրը, ժամը 18:00-ին:

Սակայն մինչ այդ կառավարության կայքում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ շաբաթ օրը կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել ու քննարկել «Շրջանառության հարկի» մասին օրենքը՝ որոշում կայացնելով հետաձգել օրենքի կիրառումը մինչև 2015թ. հուլիս ամիս:

Այս որոշումը, սակայն, ՓՄՁ-ների ներկայացուցիչներին չի գոհացնում, քանի որ նրանք մտավախություն ունեն, որ կլինի այն, ինչ հոկտմեբեր ամսին տեղի ունեցավ, ու այս հարցին ոչ մի լուծում չի տրվի: Ըստ նրանց՝ կառավարությունը հետաձգեց օրենքի կիրառումը՝ ընդամենը ժամանակ շահելու նպատակով, իսկ ամռանը նրանք հանգստի կգնան, ու ՓՄՁ-ների ներկայացուցիչներն այդ ժամանակ ոչ մեկին չեն կարող բողոքել:

 

Տեսանյութեր

Լրահոս