ՀՀԿ-ական պատգամավորը՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետաձգման մասին. «Այս պահին մեր քաղաքացիների խնդիրները լուծված է» (տեսանյութ)

Թեև «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգվել է մինչև հուլիս ամիս, սակայն ՓՄՁ-ների ներկայացուցիչների բողոքի ակցիաները շարունակվում են, քանի որ նրանք պահանջում են օրենքի ամբողջական կասեցում:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ չի կարծում, թե բողոքի ակցիաները նույն թափով են շարունակվում. «Ուղղակի երևի վերջնական օրենքի կամ նախագծի տեսք ստանալուց հետո մեր քաղաքացիները իրենց խնդիրը լուծված կհամարեն: Ամեն դեպքում, կառավարությունը հրապարակել է իր մոտեցումը, և այս պահին մեր քաղաքացիների խնդիրները, որոնցով մտահոգված էին, լուծված է»:

Լրագրողներից մեկի հարցին՝ բողոքն արդարացվա՞ծ եք համարում, Կ. Ավագյանը պատասխանեց, որ քաղաքականություն է մշակված, և այս պահին էլ իր համար անհասկանալի է՝ ինչու մարդիկ չեն համաձայնվում ավելի ցածր տոկոսադրույքներով հարկեր վճարել. «Բազմաթիվ պատճառներ են բերում փաստաթղթաշրջանառության հետ կապված և այլն: Ինքս տնտեսագետ չեմ, շատ բան չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով՝ այն մոտեցումը, որ հարկերը իջեցված են փոքր և միջին ձեռներցների համար, դա նորմալ ու արդար մոտեցում է»:

Դիտարկմանը՝ ընդամենը մեկ պատճառ են բերում, որ խոշոր բիզնեսով զբաղվողներն իրենց փաստաթուղթ չեն տրամադրում, ՀՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց՝ ասելով. «Այս ընթացքում այդ գործընթացները չկարգավորված լինելով՝ արդեն բազմաթիվ ապրանքներ ուղղակի փաստաթղթերով են տրվում: Այսինքն՝ այս ընթացքում շատ ապրանքատեսակներ փաստաթղթավորված են»:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ էր մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում է 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ըստ կառավարության՝ նոր  օրենքը հնարավորություն կտա խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ:

ՓՄՁ ներկայացուցիչների բողոքներից հետո՝ 2014թ. հոկտեմբերի 6-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել: Արդեն մեկ շաբաթ է՝ ՓՄՁ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում  ՀՀ կառավարության, ինչպես ՀՀ նախագահական նստավայրի մոտ: ՀՀ նախագահի նստավայրից կրկին կառավարություն վերադարձած ձեռնարկատերերը հայտարարեցին անժամկետ նստացույց սկսելու մասին, նրանք նաև սպառնում էին փետրվարի 1-ից գործադուլ անել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ցուցարարների պատվիրակությանը և խոստացավ նրանց պատասխանել այսօր՝ երկուշաբթի օրը, ժամը 18:00-ին:

Սակայն մինչ այդ կառավարության կայքում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ շաբաթ օրը կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել ու քննարկել «Շրջանառության հարկի» մասին օրենքը՝ որոշում կայացնելով հետաձգել օրենքի կիրառումը մինչև 2015թ. հուլիս ամիս: Այս որոշումը, սակայն, ՓՄՁ-ների ներկայացուցիչներին չի գոհացնում, քանի որ նրանք մտավախություն ունեն, որ կլինի այն, ինչ հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ, ու այս հարցին ոչ մի լուծում չի տրվի: Ըստ նրանց՝ կառավարությունը հետաձգեց օրենքի կիրառումը՝ ընդամենը ժամանակ շահելու նպատակով, իսկ ամռանը նրանք հանգստի կգնան, ու ՓՄՁ-ների ներկայացուցիչներն այդ ժամանակ ոչ մեկին չեն կարող բողոքել:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728