Ինչպես էին Արցախի իշխանությունները պատրաստում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների դեմ ագրեսիան. պարզաբանում է Հայկ Խանումյանը

«Արցախում ավտոերթի անցկացումը խոչընդոտելու ուղղությամբ  աշխատանք  էր տարվում, թշնամանք սերմանվում շուրջ 10 օր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը` անդրադառնալով շաբաթ օրը Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած՝ դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների դեմ Արցախի իրավապահ մարմինների իրականացրած հարձակմանը: Նա նշեց, որ տեղի ունեցածի պատասխանատուն  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն է:

Ըստ նրա` Արցախի իշխանություններն ավտոերթի մասնակիցներին մոտավորապես նման կերպ դիմավորելու  մեթոդը  վաղուց էին ընտրել և այդ ուղղությամբ աշխատանքներ էին տանում  շուրջ 10 օր: «Արցախի իշխանությունները, իրենց ձեռքի տակ ունենալով հարուստ ռեսուրսներ և լծակներ,   հասարակական կարծիքը ենթարկում էին մանիպուլյացիայի: Իսկ նման բան Արցախում անելն այդքան էլ բարդ չէ, քանի որ արցախյան հասարակությունն այնքան մեդիականացված չէ, որքան հայաստանյան հասարակությունը:

Ամենահանրային, ամենահասանելի ռեսուրսը Հանրային հեռուստատեսությունն է, որը, միակողմանի տեղեկատվություն տրամադրելով, հստակ թշնամանք էր սերմանում այդ ավտոերթի և այն կազմակերպած քաղաքական կառույցի նկատմամբ: Այնուհետև տեղի էին ունենում տարբեր կոլեկտիվների հավաքներ, սովորաբար այդպիսի հավաքներ խորհրդային տարիներին էին կազմակերպվում, որոնք Արցախում  քիչ-քիչ սովորություն են դառնում: Այս դեպքում այդ հավաքների ընթացքում  կոլեկտիվ դատապարտման ելույթներ են եղել, և այլն: Այսինքն` աստիճանաբար տարբեր կառույցներում և տարբեր շրջաններում կազմակերպված  գործողություններով, այդ թվում՝ երիտասարդության մեջ, համալսարանական շրջանակներին օգտագործելով, անվտանգությանը վերաբերող հարցեր շահարկելով, մանիպուլյացիայի էին ենթարկում ամբողջ գործընթացն ու ավտոերթի մասնակիցներին ներկայացնում՝ որպես  թշնամիներ: Պետք է պարզապես  ճանաչել արցախյան հասարակությանը, որպեսզի պարզ լինի, թե դա ինչպես է սովորաբար կատարվում»,- մեկնաբանեց Հայկ Խանումյանը:

Վերջինիս խոսքով`  հարձակմանը մասնակցած ոստիկանները, այնտեղ տարվող քաղաքացիական անձինք իշխանությունների ձևավորած մանիպուլյացիոն հասարակական կարծիքի զոհերն են, նրանք բոլորը գնացել էին դիմավորելու,  իրենց պատկերացմամբ՝ թշնամիների, քանի որ նրանց այդպես էր ներկայացվել:  Խանումյանի գնահատմամբ՝ կիրառվել են ամենաստոր, ամենահիմար ստերը:

Կարդացեք նաև

«Այս ամենի գլխին կանգնած են Բակո Սահակյանն ու իշխանության շարքում գտնվող այն մարդիկ, ովքեր իրենց առջև խնդիր են դրել հնարավորինս հաճոյանալ Սերժ Սարգսյանին: Իշխանությունները դիտմամբ, մտածված կերպով գնացել են այդ բախմանը՝ ցույց տալու համար իրենց հավատարմությունը  Սերժ Սարգսյանին:

Առաջիկայում  խորհրդարանական ընտրություններն են Արցախում, որոնց ընթացքում, հնարավոր է, որ պարզվի, թե ով կլինի  իշխանության թեկնածուն հաջորդ նախագահական ընտրություններում: Կան շատ թեկնածուներ,  կա մեծ մրցակցություն այդ իշխանական թեկնածուների միջև, ու այդ մրցակցությունը ոչ թե ընթանում է հասարակության, այլ ՀՀ իշխանությունների համակրանքը շահելու համար»,- նման կերպ բացատրեց Հայկ Խանումյանը տեղի ունեցածի հիմքում ընկած պատճառները:
Նրա համար տեղի ունեցածը սպասելի էր, բայց ոչ նման դաժանությամբ և ծեծի դրսևորումներով:

Անդրադառնալով Արցախում առկա տրամադրություններին և հայաստանաբնակների ու արցախաբնակների միջև համացանցային «փոխհրաձգություններին»` Հայկ Խանումյանը վստահեցրեց, որ Արցախում չկան հակահայկական տրամադրություններ:  Ըստ մեր զրուցակցի՝ համացանցում աշխատող, իշխանության շահերը սպասարկող մի քանի  ոչ իրական օգտատերեր, որոնք ֆինանսավորվում են իշխանությունների կողմից և իրականացնում նրանց PR-ը, տարածում են նրանց գաղափարները:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728