Բաժիններ՝

Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցարարների հետ պահանջում է «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցում

Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ   բողոքի ակցիա իրականացնող  Փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների (ՓՄՁ) հետ հանդիպման եկավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ այսօր խորհրդարանում խորհրդակցություն կլինի, և ընդդիմադիր ուժերը կբարձրացնեն «Շրջանառության հարկի մասին» օրենքը քննարկելու համար արտահերթ նիստ հրավիրելու հարցը։

«Իշխանությունը, պարոն Սարգսյանը, պարոն Աբրահամյանը դե ֆակտո իշխանություններ են։ Նրանք իրավական և լեգիտիմ չեն։ Մեր համաքաղաքացիներն ուզում են արժանավայել կյանքով ապրել, սակայն՝ հայրենիքում։ Այս հարցը նրանք պետք է լուծեն ու հեռանան»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը։

168.am-ի հարցին՝ թե ի՞նչ է նշանակում այն, որ օրենքի կիրառումը հետաձգվել է մինչև հուլիս ամիս, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա ժողովրդի պայքարի արդյունքն է։ «Այս օրենքը պետք է փոխվի։ Այն իր մեջ կոռուպցիոն մեծ իրականություն է պարունակում, որովհետև խոշորները, մեծերը, իշխանությունները՝ ժողովրդի հաշվին միլիոններ են դիզում, իսկ մարդիկ պետք է հազարավոր թղթեր հավաքեն՝ մի կտոր հաց իրենց սեղանին դնելու համար։ Այս օրենքը ձևական է, անհեթեթ է, ամոթ է»,- նշեց Ր. Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ էր մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում է 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ըստ կառավարության՝ նոր օրենքը հնարավորություն կտա խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ: ՓՄՁ ներկայացուցիչների բողոքներից հետո՝ հոկտեմբերի 6-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում առկա գույքագրման պահանջը մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել:

Փոքր ու միջին ձեռնարկատերերը մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ են կազմակերպում Կառավարության շենքի և նախագահական նստավայրի առջև: Նրանք նույնիսկ հայտարարեցին անժամկետ նստացույց սկսելու մասին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ ընդունել էր ցուցարարների 15 հոգանոց պատվիրակությանը և խոստացել պատասխանել այսօր՝ երկուշաբթի օրը, ժամը 18:00-ին: Այդ ընթացքում կառավարությունը որոշում կայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը հետաձգել մինչև հուլիս ամիս: ՓՄՁ-ների ներկայացուցիչներին այդ որոշումը չի գոհացնում, և այժմ նրանք ԱԺ շենքի դիմաց   կրկին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք նշում են, որ կրկնվում   է հոկտեմբերի նույն սցենարը, և կառավարությունն այդպիսով ընդամենը ուզում է ժամանակ շահել։

Մանրամասները և տեսանյութը՝ առաջիկայում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս