Բաժիններ՝

Հակոբյաններ. «Հաշտության լինել-չլինելու հարցը մեկընդմիշտ փակված է». news.am

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժող Հակոբյանները հերքում են դերասանի ընկերոջ՝ Սարգիս Միքայելյանի հայտարարությունը, թե Ռուբեն Բալոյանն է խոչընդոտել կողմերի միջեւ հաշտության չկայացմանը: NEWS.am-ի խմբագրություն դիմած Հակոբյանները մասնավորապես ասել են. «Անհեթեթ սուտ է: Ավելին, Ռուբեն Բալոյանն է հրապարակավ 2 անգամ կոչ արել կողմերիս հաշտվելու եւ հարցի լուծման եզրեր գտնելու համար: Ավելին, մեր երկու ընտանիքներին առանձին-առանձին մշտապես նա փորձել է բացատրել հաշտության եզրեր գտնելու անհրաժեշտության մասին:

Այսօր մենք զայրացած ենք, որ հակառակ կողմը ի դեմս Նիկոլայ Բաղդասարյանի՝ հաշտության չգալու պատասխանատվությունը փորձում են բարդել մեր փաստաբանի վրա: Կոչ ենք անում Վարդան Պետրոսյանին եւ նրա փաստաբանին, որ այս բեմադրությանը վերջ տան:

Մեզ ապշեցրեց, որ դատավճռի ընթերցման ժամանակ Վարդան Պետրոսյանը, կրելով մեր եռագույնով շարֆը, հպարտ կանգնած էր եւ կարծես թե Ղարաբաղում 2 թուրք էր սպանել ու  դրա համար էր դատապարտվում: Այս է ողջ դատաքննության ընթացքում Վարդան Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների վարքագծի հայելին: Մի՞թե սա է մեր մտավորականության իրական դեմքը:

Այս ամենից հետո կարծում ենք՝ ժամանակն է վերջակետ դնել հաշտությանը: Մեր՝ տուժողներիս եւ Վարդան Պետրոսյանի միջեւ հաշտության լինել-չլինելու հարցը մեկընդմիշտ փակված է: Տուժող կողմը շարունակելու է բողոքել Պետրոսյանի խմածության փաստաթղթերում տեղ գտած կեղծիքները վեր հանելու եւ մեր ընտանիքի դժբախտության մեղավորին արդարացի պատիժ տալու համար»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս