Էդուարդ Շարմազանով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը հստակ հասցեագրված էր Ադրբեջանին»

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 29-ին հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն:

Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նախորդ տարում հայ-չեխական միջխորհրդարանական կապերն ունեցել են զարգացման արդյունավետ ընթացք, ինչին նպաստել են երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: Պարոն Շարմազանովը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում այդ հարաբերություններն առավել կամրապնդվեն ու կընդլայնվեն:

Նա ընդգծել է, որ 2015 թ. հայ ժողովրդի համար կարեւոր տարի է. Հայաստանում եւ արտերկրում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում: Այս համատեքստում պարոն Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կազմակերպելու հարցում պատրաստակամություն հայտնելու համար:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից վերջին օրերին սահմանին եւ շփման գծում խախտման դեպքերին: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը հստակ հասցեագրված էր Ադրբեջանին՝ հավատարիմ մնալու հրադադարի պահպանման ռեժիմին:

Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ փաստել է, որ ՀՀ իշխանությունները ԼՂ խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:

Զրուցակիցները քննարկել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցեր:

Պետր Միկիսկան բարձր է գնահատել երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ այս համատեքստում կարեւորել միջխորհրդարանական գործակցության զարգացումը:

Տեսանյութեր

Լրահոս