Հրանտ Դինքի փեսան հեռացավ «Ագօսի» խմբագրի պաշտոնից

Այսօր «Ագօս» թերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Ռոբերտ Քոփթաշը հեռացել է խմբագրի իր պաշտոնից: Այդ մասին նա հայտնել է «Ագօսի» առաջին էջում լույս տեսած «Հրաժեշտ Ագօսին» վերնագրով իր հոդՎածում:

Քոփթաշը գրել է, որ «Ագօս» թերթն իր կյանք է մուտք գործել 1996-ի ապրիլից, երբ իբրև ընթերցող ձեռքն է առել թերթը, այնուհետև 2006-ից սկսել է թղթակցել, 2008-ին աշխատանքի է ընդունվել «Ագօս», իսկ 2010-ից մինչ օրս վարում էր գլխավոր խմբագրի պաշտոնը.

«Հրանդ Տինքի և ընկերների մեծ ջանքերով, նվիրումով, ստեղծարար մտքով ու կամքով, համբերությամբ ոչնչից ստեղծած «Ակօսի» խմբագրապետության հինգ տարին խիստ ուսուցողական փորձառություն եղավ ինձ համար։ Այդ ժամանակաշրջանում ծանոթացածս մարդիկ, ականատես եղածս դեպքերը, խմբագրական կազմի վիճաբանությունները իրենց լավ ու վատ կողմերով շատ բան են նվիրել ինձ։ Դառն ու քաղցր բոլոր հիշատակները տեղ ունեն իմ սրտում, որոնց համար երախտապարտ եմ կյանքին»,-գրել է Ռոբերտ Քոփթաշն իր հոդվածում:

Քոփթաշն այնուհետև նշել է, թե խմբագրի պաշտոնը, որ ստանձնել է Էթյեն Մահչուփյանից, փոխանցում է Եդուարդ Տանձիկյանին, որ «Ագօսում» մեծ ներդրում ունեցած մտավորական է: Իր հեռացման պատճառների և ապագա անելիքների մասին պոլսահայ հայտնի լրագրողը չի նշել, միայն ավելացրել է, թե շարունակելու է հետևել թերթին, իբրև ընթերցող:

Հիշեցնենք, որ 168.am-ն ավելի վաղ՝ դեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ Քոփթաշի հեռացումը՝ Դինքի ընտանիքին պատկանող թերթից, ըստ պոլսահայ համայնքում շրջող լուրերի, կապված է նրա ու Հրանտ Դինքի դստեր՝ Դելալ Դինքի ամուսնալուծության հետ.

Ռոբերտ Քոփթաշն ու Դելալ Դինքն ամուսնացել էին 2011 թվականին, նրանք ունեն երեխա, սակայն զույգը վերջերս ամուսնալուծվել է: Դելալ Դինքն այսօր Դինքի ընտանիքի մյուս անդամների հետ գլխավորում է «Հրանտ Դինք» հիմնադրամը:

Տեսանյութեր

Լրահոս